Երևանում բացվել է բրազիլահայ լուսանկարիչ Գասպար Գասպարյանի հետահայաց ցուցադրությունը
Բրազիլահայ մոդեռնիստ լուսանկարիչ Գասպար Գասպարյանի (1899-1966 թթ.) լուսանկարների հետահայաց ցուցադրությամբ Երևանում մեկնարկեց «Ստանդարտ» ժամանակակից արվեստի միջազգային առաջին տրիենալեն: Ցուցահանդեսը բացվեց ՀԲԸՄ Հայաստանյան գլխամասում: Համադրողն է Ռուբեն Արևշատյանը:
«Երբ երկու տարի առաջ համադրող Ադելինա Ջուբերյան ֆոն Ֆյուրշթենբերգն ինձ ցույց տվեց Գասպար Գասպարյանի կատալոգը: Մենք քննարկեցինք ցուցահանդեսը Հայաստան բերելու հնարավորությունները»,- լրագրողների հետ հանդիպմանն ասաց Ռ.Արևշատյանը:
Նրա խոսքով, Գասպար Գասպարյանի գործերը գտնում են աշխարհի բազմաթիվ կարևորագույն հավաքածուներում, ինչպիսիք են՝ Նյու Յորքի ժամանակակից արվեստի թանգարանը, Լոնդոնի «Թեյթ մոդեռն» թանգարանը, Սան Պաուլուի թանգարանը և այլն:
«Գասպար Գասպարյանն անգնահատելի ներդրում է ունեցել բրազիլական 1940-60-ական լուսանկարչական մոդեռնիստական մտածողության և լեզվի զարգացման մեջ: Այս ցուցահանդեսի կազմակերպումը Երևանում շատ կարևոր է այն առումով, որ մենք ծանոթանում ենք հայկական սփյուռքի մոդեռնիստական մտածողության մեկ շերտի հետ, անհայտ շերտի հետ»,- նշեց Ռ. Արևշատյանը:
Սան Պուլուի լուսանկարչական դպրոցի հիմնադիրներից մեկը լինելով՝ Գասպար Գասպարյանը ոչ միայն փորձարկումներ է կատարել ձևերի, լույսի, օպտիկական աղճատումների և վերացական ձևափոխումների հետ, որոնք այդքան հատուկ էին 20-րդ դարի կեսի լուսանկարչությանը, այլև իր ստեղծագործություններում մշակել է ինքնուրույն դիտանկյուն՝ կանոնակարգելով իրականության հատվածական ընկալմանը նետված նորովի հայացքը: