Լայնածավալ պատերազմի հավանականությունը մեծանում է հաջորդ տարվա համար. քաղաքագետ
Այս տարի լայնածավալ պատերազմ դժվար լինի, սակայն գնալով նման հավանականությունը մեծանում է: Մինչ հաջորդ սրեցումն Ադրբեջանը պետք է իրացնի կուտակված սպառազինությունը, իսկ դրա համար ժամանակ է անհրաժեշտ: Այնպես որ, լայնածավալ պատերազմի հավանականությունը մեծանում է հաջորդ տարվա համար,-լրագրողների հետ այսօր կայացած հանդիպման ժամանակ ասաց քաղաքագետ Արա Պապյանը՝ միաժամանակ հավելելով, որ շփման գծի ամբողջ երկայնքով պատերազմը Ադրբեջանին ձեռնտու չէ, հակառակորդն ավելի շուտ հակված է մաշեցնող եռօրյա կամ քառօրյա պատերազմական գործողությունների:
Բանախոսը նաև համոզմունք հայտնեց՝ Ադրբեջանն անկասկած նպատակադրվել է ղարաբաղյան հակամարտությունը լուծել զենքի ուժով: Ասվածի վկայությունն, ըստ նրա, այն է, որ Ադրբեջանի նախագահը «ադրբեջանական պատմական հողեր է» անվանում ոչ միայն Արցախը, այլ նաև Հայաստանը:
Անդրադառնալով Ռուսաստանի կողմից Ադրբեջանին զենք վաճառելու փաստին՝ քաղաքագետը նշեց.
«Ռուսաստանն ուրեմն թող հայտարարի, որ Հայաստանի համար դաշնակից չէ, այլ երրորդական երկիր կամ Պակիստան, որ մենք մեր գլխի ճարը տեսնենք: Ռուսաստանն ուզում է, որ իր հետ վարվենք որպես դաշնակցի, նեղանում, որ ռուսերենը Հայաստանում պետական լեզու չի հռչակվում: Այնինչ նա մեզ որպես դաշնակցի չի վերաբերվում: Ռուսաստանն Ադրբեջանին զենք վաճառելու և այդ զենքը գործածելու իրավունք չունի: Թող վաճառեր Պակիստանը, իմանայինք՝ Պակիստանն է վաճառում: Իսկ երբ Ռուսաստանն ասում է՝ ես Ադրբեջանին զենք չվաճառեմ, ուրիշը կվաճառի, նման պատասխանն անբարոյական է, ոչ մի բան չի կարող արդարացնել այն»,- նշեց Արա Պապյանը: