ՍԱՊԾ. Կենդանիների դաբաղ հիվանդության ախտորոշված որևէ դեպք չունենք
«Առանց մասնագիտական եզրակացության «համաճարակ» տերմինի օգտագործումն անպատասխանատու է»,-նման հայտարարություն է տարածել ՍԱՊԾ-ն՝ արձագանքելով դաբաղի վերաբերյալ մամուլի հրապարակմանը:
Ծառայության տարածած հաղորդագրության մեջ ասված է.
«Այսօր` 08.08.2017թ, «Առավոտ» օրաթերթը տեղեկություն է հրապարակել «Դեբեդ և Դսեղ գյուղերում դաբաղի մասսայական դեպքեր են գրանցվել» վերնագրով, որում Դսեղի համայնքապետը հայտնել է, թե «գյուղի 700-ից ավելի անասնագլխաքանակի 60 տոկոսը վարակված է դաբաղով»:
ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը տեղեկացնում է, որ ծառայությունը թեժ գծով կամ դիմումով չի ստացել որևէ ահազանգ գյուղացիներից կամ համայնքապետարաններից: Հանրապետությունում կենդանինների հիվանդությունները ախտորոշող հավատարմագրված միակ լաբորատորիան ՀՀ ԳՆ ՍԱՊԾ Հանրապետական անասնաբուժասանիտարական և բուսասանիտարական լաբորատոր ծառայությունների կենտրոնն է, որի կողմից կենդանիների դաբաղ հիվանդության ախտորոշված որևէ դեպք չունենք:
Սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը հայտնում է, որ հիվանդությունն առանց լաբորատոր փորձաքննության հնարավոր չէ ախտորոշել, հետևաբար հրապարակման մեջ նշված տեղեկությունները հիմնավորված չեն, առավել ևս՝ առանց մասնագիտական եզրակացության «համաճարակ» տերմինի օգտագործումն անպատասխանատու է:
Սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունն ուսումնասիրում է լրատվամիջոցի կողմից հրապարակված ահազանգը»:
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին