Թուրքիայում պայթեցվել է ոստիկանական ավտոբուս
Թուրքիայի Մերսին նահանգի Յենիշեհիր շրջանում պայթեցվել է ոստիկանական ավտոբուս:
«Էրմենիհաբեր»-ը գրում է, որ ըստ թուրքական «Dunya» լրատվամիջոցի՝ պայթյունի հետևանքով վիրավորվել է 12 ոստիկան և 6 քաղաքացիական անձ:
Դեպքի առնչությամբ լրագրողների հետ զրուցել է Մերսինի հանրապետական գլխավոր դատախազ Մուստաֆա Էրջանը. «Սկսվել է լայնամասշտաբ հետաքննություն: Մենք այժմ ուսումնասիրում ենք, թե, ինչն է եղել պայթյունի պատճառը»:
Տեղի ունեցածի կապակցությամբ հայտարարությամբ է հանդես եկել Թուրքիայի կառավարության խոսնակ Բեքիր Բոզդաղը:
Նշել է, որ իրականացված ուսումնասիրությունների ընթացքում համապատասխան մարմինները եկել են այն եզրակացության, որ տեղի ունեցածը ահաբեկչական հարձակում է եղել: