Եվրոպայի խորհրդի հետ մեր հարաբերությունները կշարունակվեն խորանալ. վարչապետ
«Եվրոպայի խորհրդին անդամակցությունից ի վեր Հայաստանն ակտիվ ներգրավված է եղել կառույցի և դրա տարբեր մարմինների աշխատանքներում»,- այս մասին նշել է վարչապետ Կարեն Կարապետյանն՝ Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի մոնիթորինգի հանձնաժողովի անդամներ, ԵԽԽՎ համազեկուցողներ Ալան Միլի և Ջուզեպպե Գալատիի հետ հանդիպմանը։
Կառավարության հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ՝ վարչապետը կարևորել է համազեկուցողների պարբերական այցերը Հայաստան, որոնք թույլ են տալիս քննարկել մեր երկրում ընթացող բարեփոխումները և ստանձնած պարտավորությունների կատարման ընթացքը։
«Մենք բարձր ենք գնահատում մեր համագործակցությունը և շնորհակալ ենք ԵԽ-ին՝ փորձագիտական աջակցության համար, այդ թվում՝ նաև օրենսդրական բարեփոխումների փաթեթների մշակման գործում: Կարծում եմ, որ Հայաստանը մեծ ճանապարհ է անցել այդ պարտավորությունների կատարման ուղղությամբ, ինչի մասին են վկայում ԵԽԽՎ և ԵԽ նախարարների կոմիտեի կողմից իրականացվող մոնիթորինգի արդյունքները», - ասել է Կարեն Կարապետյանը:
ԵԽԽՎ համազեկուցողներ Ալան Միլը և Ջուզեպպե Գալատին համակարծիք են եղել, որ Հայաստանը բավական կարճ ժամկետում բավական երկար ուղի է անցել՝ նշելով, որ համապետական ընտրություններից հետո երկիրը փոփոխությունների և զարգացումների հաջորդ փուլն է թևակոխել:
Վարչապետն անդրադարձել է նաև տարբեր ինտեգրացիոն միավորումների և առանձին երկրների հետ տնտեսական համագործակցության հնարավորություններին, խոսել բիզնես միջավայրի բարելավման, ներդրումային ակտիվության խթանման և ներդրումների ներգրավման ուղղությամբ տարվող աշխատանքների մասին: «Մեր գլխավոր նպատակը յուրաքանչյուր ներդրողին՝ թե´ տեղական, թե´ օտարերկրյա, իր գործունեության համար անհրաժեշտ բոլոր պայմաններով ապահովելն է: Մենք հատուկ ուշադրություն ենք դարձնում բիզնես միջավայրին, արձանագրում ենք, որ վերջին մեկ տարում ունենք դրական արդյունքներ, բայց գիտենք նաև թույլ կետերը և աշխատում ենք դրանք վերացնելու ուղղությամբ»,- նշել է Կարեն Կարապետյանը:
ԵԽԽՎ համազեկուցողները ողջունել են Հայաստանի կառավարության կողմից տարբեր ոլորտներում իրականացվող բարեփոխումները: «Կարելի է երկու բանի համար շնորհակալություն հայտնել՝ նախ, այն արժանապատիվ և լուրջ մոտեցման համար, որ ձեր երկիրը ցուցաբերում է Սիրիայից փախստականների, մասնավորապես, սփյուռքահայերի հոսքի առումով: Մենք երախտապարտ ենք դրա համար. դա օրինակ է, որից այլ ազգերը կարող են սովորել և որի վրա կարող են հիմնվել: Եվրոպայի խորհրդի անունից էլ շնորհակալ ենք ձեզ այն աշխատանքի համար, որը Եվրոպայում կատարում են ՀՀ դիվանագետներն ու ներկայացուցիչները, ԵԽԽՎ-ում ձեր պատվիրակությունը: Մենք կարող ենք հավաստիացնել, որ կշարունակենք օժանդակել ձեզ, որպեսզի ձեզ երազած նոր Հայաստանը կառուցելու ճանապարհին այդ տեմպը պահպանեք», - իր խոսքում ասել է Ալան Միլը:
Վարչապետը շնորհակալություն է հայտնել գնահատականի և աջակցության պատրաստակամության համար՝ նշելով. «Եվրոպայի խորհրդի հետ մեր հարաբերությունները կշարունակվեն խորանալ՝ համաձայն մեր կողմից ստանձնած հանձնառությունների և քաղաքական պարտավորությունների: Դրանց աննախապայման իրականացումը կնպաստի երկրում ժողովրդավարության, մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների ընդլայնմանը՝ որպես կայուն բաղադրիչներ մեր անվտանգության և կայուն զարգացման համար»:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանում փոքրահասակ բնակչության շրջանում բավականին տարածված է գժախոտով թունավորումը. Ռ. Աբովյան