Արցախի հարցը ճիշտ հարթության մեջ չի քննարկվում. Լարիսա Ալավերդյան
Արցախի հարցը 1991 թ.-ից հետո քննարկվում է ոչ այն հարթության մեջ, որտեղ պիտի քննարկվի: Այսօր լրագրողների հետ հանդիպմանը նման տեսակետ հայտնեց «Ընդդեմ իրավական կամայականության» ՀԿ նախագահ Լարիսա Ալավերդյանը:
«Մենք կարևոր փուլում ենք ապրում: Եվրոպան իր վերաբերմունքն արտահայտեց Կատալոնիայում որոշ առումով անթերի կատարված ինքնորոշման իրավունքի իրացման գործընթացին: Եվրոպան ի սկզբանե, բացի Հարավսլավիայից և ԽՍՀՄ-ից, դեմ է դրան, մնացյալը անջատողական շարժումներ են, նույնն է Արցախում: ՄԱԿ-ը ուղղակիորեն դեմ դուրս գալ չի կարող. սա ոչ թե սկզբունք է, այլ իրավունք՝ ազգերի ինքնորոշման իրավունք: Ոչ ԱՄՆ-ն, ոչ Կանադան կտրուկ կողմ չեն արտահայտվում, քանի որ յուրաքանչյուրն իր ներսում նման խնդիր ունի»,- ասաց նա:
Ալավերդյանի խոսքով՝ ճիշտ շեշտադրումներ են պետք, պետք է նշել, որ արցախահայությունը նույն դարում երկրորդ անգամ գտնվում էր ցեղասպանվելու վտանգի տակ, իրենք կոչ էին անում հարցը դիտարկել հենց այդ տեսանկյունից:
Ըստ բանախոսի՝ Հայաստանի քաղաքական, դիվանագիտական միտքը չի ուզում դուրս գալ 90-ականների մոտեցումներից: Խնդիր կա նաև կիրառվող տերմինների հետ կապված. ինչ լեզվով ենք մենք խոսում այսօր, ասում ենք՝ անվտանգության գոտի, յոթ շրջաններ: Ալավերդյանը նշեց, որ Հայաստանյան դիրքորոշումը, որքան էլ տարօրինակ է, հակասում է արցախյան դիրքորոշմանը:
«Արցախն ասում է՝ այս ամբողջ տարածքն Արցախ է, Հայաստանն ասում է՝ մի մասն Արցախ է, մյուսը՝ անվտանգության գոտի: Հետևաբար, ինչքան էլ լավ խոսքեր հնչեն, դա չի կարող փոխել այն դաշտը, որում քննարկվում է այս հիմնահարցը»,- ասաց նա:
Ալավերդյանի համոզմամբ՝ սա ոչ թե Արցախի հիմնահարցն է, այլ Ադրբեջանի: Կարևոր է նաև փախստականների հարցը. Ադրբեջանը միշտ այդ մասին բարձրաձայնում է, հնչեցնում է իր փաստականների հարցը, մինչդեռ Հայաստանը դա վաղուց հանել է օրակարգից:
«Արցախի հարցը հայության՝ այս տարածքում մնալ-զարգանալու հարցն է: Հայաստանում առաջին դեմք պետք է դառնա միայն նա, ով կարող է փոխել այն հարթությունը, որում քննարկվում է Արցախի հարցը, և այն նոր հունի մեջ դնել»,- ասաց նա։
Ալավերդյանը համոզված է՝ պետք չէ հուսահատվել, մտածելով՝ ուշ է որևէ բան փոխել կամ՝ թե բոլորը մեր դեմ են, երբ էլ հարցով զբաղվենք, ճիշտ ժամանակը կլինի:
Լրահոս
Տեսանյութեր
Մի կողմում հայ ժողովուրդն է, մյուս կողմում թշնամին և մեր իշխանությունը միասին. Դավիթ Անանյան