Ջավախահայերը գոհ են Վրաստանում «երկքաղաքացիության» ընդունումից
Վրաստանում երկքաղաքացիության իրավունքի սահմանումը ջավախահայության համար գոհացուցիչ փոփոխություն է: Համաձայն նոր Սահմանադրության՝ 2018 թ.-ից Վրաստանի քաղաքացիները կարող են լինել նաև այլ երկրի քաղաքացի: Վրաստանի խորհրդարանի պատգամավոր Հենզել Մկոյանը Panorama.am-ի հետ զրույցում նշեց, որ այս փոփոխությունից իրենք գոհ են, քանի որ կարելի է և հայկական, և վրացական անձնագրեր ունենալ, մինչդեռ նախկինում ստիպված էին լինում ընտրություն կատարել երկու երկրների քաղաքացիության հարցում:
«Ճիշտն ասած՝ ջավախահայերը հիմնականում Ռուսաստանի Դաշնությունում աշխատանքի մեկնելու համար են հայկական քաղաքացիություն ստանում: Ընդունելությունների ժամանակ որ գալիս են, ես իրենց հետ զրուցում եմ, ասում են, որ դրա համար են հիմնականում ստանում այդ երկքաղաքացիությունը: Ոչ թե հայկական քաղաքացիությունն իրենց հետաքրքիր չէ, այլ պարզապես մարդիկ ցանկանում են գնալ՝ իրենց ընտանիքի համար հացի գումար աշխատելու»,- ասաց նա:
Պատգամավորը նշեց, որ միայն նախորդ տարի 720 ջավախահայեր իր պատգամավորական խնդրանքով քաղաքացիություն են ստացել: Դիմողներից միայն 60 հոգու են մերժել: Բացի դրանից, ինքը՝ Մկոյանը, շուրջ տասն անգամ այս հարցը բարձրացրել է Վրաստանի արդարադատության նախարարի մոտ, կառավարությունում, խնդրել, որ այդ հարցին վերջապես լուծում տան, խղճան այդ մարդկանց:
«Ոչ ոք չի ցանկանում վրացական քաղաքացիությունից զրկվել, իրենց տունը-տեղը Վրաստանում է, ո՞վ կցանկանա քաղաքացիությունը կորցնել, եթե զրկվեց, տուն-տեղն էլ կմնա»,- ասաց նա:
Լրահոս
Տեսանյութեր
«Ձեր սիրելի Ալիևը «Նոլդու Փաշինյան» երգը միացրած Արցախով պտտվում է». Բագրատ Սրբազանը՝ իշխանությանը