ԿԽՄԿ-ն նշել է Հայաստանում իր ներկայության 25-ամյակը
Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) պատվիրակությունը Հայաստանում նշել է Ղարաբաղյան հակամարտության հետ կապված տարածաշրջանում իր ներկայության 25-ամյակը։
Երեկ այս առիթով ընդունելության ժամանակ Հայաստանում ԿԽՄԿ-ի պատվիրակության ղեկավար Կարոլին Դույեզը նշել է. «1994 թվականի զինադադարից հետո մենք մնացել ենք տարածաշրջանում` հակամարտության հետևանքներին և առաջացած կարիքներին արձագանքելու համար։ Այսօր Հայաստանի և Ադրբեջանի միջազգային սահմանամերձ գյուղերում մենք շարունակում ենք աշխատել ամեն օր անվտանգության, կենսաապահովման և տնտեսական հնարավորությունների կորստի խնդիրների հետ բախվող մարդկանց հետ»։
Կարմիր խաչի միջազգային կոմիտեի հայաստանյան պատվիրակությունից հայտնում են, որ միջոցառման ժամանակ հյուրերի ուշադրությունն է հրավիրվել անհայտ կորածների հիմնահարցին, որը հակամարտության ողբերգական և տևական հետևանքներից է։ Ցուցադրության միջոցով ԿԽՄԿ-ն ներկայացրել է խնդրի տարբեր կողմերը, այդ թվում՝ ընտանիքների դժվարին կացությունն իրենց հարազատների մասին անդադար լուրեր սպասելու ընթացքում, սեփական աշխատանքն այդ ուղղությամբ և այն, թե ինչ է անհրաժեշտ անել ճակատագրերը պարզելու համար։
«Ճանաչումից բացի միայն մեկ բան կօգնի ընտանիքներին շարժվել առաջ՝ պարզել, թե ինչ է տեղի ունեցել։ Վերջապես իմանալ արդյոք իրենց հարազատները ողջ են, թե՝ մահացած։ Ահա թե ինչու է ԿԽՄԿ-ն առաջարկել իշխանություններին իր չեզոք միջնորդի դերը և աջակցությունը ճակատագիր պարզելու հարցում։ Մենք շարունակաբար վերահաստատում ենք, որ կողմերի պատրաստ լինելու դեպքում պատրաստակամ ենք կատարելու մեր այդ դերը։ Հուսով ենք՝ վաղ թե ուշ այդ պահը կգա»,- ասել է Դույեզը։
Աղբյուրի փոխանցմամբ՝ ղարաբաղյան հակամարտության առնչությամբ կան ավելի քան 4500 անհայտ կորած զինվորական և քաղաքացիական անձինք՝ գրանցված Հայաստանում և Ադրբեջանում ԿԽՄԿ-ի պատվիրակությունների և Լեռնային Ղարաբաղում առաքելության կողմից։ 2014-ից կազմակերպությունը հավաքում է ԴՆԹ նմուշներ անհայտ կորած անձանց արյունակից բարեկամներից։ Նպատակն է պահպանել այս նմուշները, որոնք հետագայում կմեծացնեն աճյունների ինքնությունը պարզելու հավանականությունը։ ԿԽՄԿ-ն տրամադրում է նաև աջակցություն անհայտ կորածների ընտանիքներին, օրինակ՝ օգնում նրանց դառնալ տնտեսապես ավելի կայուն, կողմնորոշվել իրավական կամ առողջական խնդիրներ լուծելիս, ինչպես նաև առաջարկում է սոցիալ-հոգեբանական աջակցություն ևկազմակերպում է հիշատակման միջոցառումներ՝ փորձելով համախմբել համայնքներին նրանց շուրջը։