Թուրքիային ցույց են տվել Արցախի հարցով այն կարմիր գիծը, որը նա չպետք է անցնի. Դավիթ Բաբայան
Արցախի նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը բարձր է գնահատում ՀԱՊԿ անդամ երկրների նախագահների հայտարարությունը, որով վերջիններս ևս մեկ անգամ վերահաստատել են իրենց աջակցությունը ՄԽ համանախագահողների գործունեությանը, ինչպես նաև հիմնահարցի կարգավորման հայտնի երեք` ազգերի ինքնորոշման իրավունքի, ուժի և ուժի սպառնալիքի չկիրառման և տարածքային ամբողջականության սկզբունքներին:
«Սա շատ կարևոր հայտարարություն է՝ հաշվի առնելով, որ վերջերս մի շարք երկրներ, ինչպես օրինակ Թուրքիան, անուղղակի կերպով փորձում է խարխլել ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափը։ Մենք տեսնում ենք այդ երկրի հայտարարությունները, Անդրկովկասում աշխարհաքաղաքական գործընթացներին նրա ակտիվ ներգրավածությունը՝ մասնավորապես ներգրավածությունը ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացին։ Սրանք շատ վտանգավոր քայլեր են, որոնք կարող են բերել ավելի մեծ բարդությունների։ ՀԱՊԿ անդամ երկրների նախագահների վերջին հայտարարությունը, կարծում եմ, պատասխան է Թուրքիայի նման պահվածքին»,- Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց արցախցի պաշտոնյան։
Դավիթ Բաբայանը կարևորեց նաև Անկարայում թուրք ղեկավարության հետ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի վերջին հանդիպումը, որի ժամանակ, նրա խոսքով, Թուրքիային ցույց են տվել այն կարմիր գիծը, որը նա չպետք է անցնի։
«Միջազգային հանրությունը, ի դեմս ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների, նման քայլերով փորձում է Թուրքիային «տեղը դնել», որպեսզի նա չփորձի էլ ավելի բարդացնել իրավիճակը»,- նշեց մեր զրուցակիցը։
Անդրադառնալով Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուի այն խոսքերին, որ իր երկիրը կսատարի արցախյան հակամարտության կարգավորման ցանկացած բանաձևի, որը կբավարարի Ադրբեջանին, Դավիթ Բաբայանը նկատեց.
«Ադրբեջանի նախագահը վերջերս կրկին հայտարարեց, որ Արցախն իբր իրենց պատմական հողն է, իսկ հայերն էլ այնտեղ եկվորներ են։ Ի՞նչ է ստացվում. Թուրքիան ընդունում է, որ հայերը եկվո՞ր են։ Սա ևս մեկ հիմք է, որպեզի ցեղասպանություն կատարվի»։
Ինչ վերաբերում է դեկտեմբերի 6-ին Վիեննայում կայանալիք Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների հանդիպմանը, ապա Արցախի նախագահի մամուլի քարտուղարի համոզմամբ, այն գոնե բանակցային գործընթացի շարունակական ընթացք կապահովի։
«Նմանօրինակ բոլոր հանդիպումներն էլ կարևոր են։ Խաղաղության և կայունության պահպանումը շատ կարևոր են»,- ամփոփեց մեր զրուցակիցը։
Հարակից հրապարակումներ`
- Մինսկում ավարտվել է ՀԱՊԿ հավաքական անվտանգության խորհրդի նստաշրջանը
- Չավուշօղլու.«Ղարաբաղի հարցում մենք կսատարենք ցանկացած բանաձև, որը կբավարարի Ադրբեջանին»
- Մամեդյարովը հայտարարել է Նալբանդյանի հետ հանդիպման մանրամասների մասին