Կարեն Կարապետյանը ցավակցական հեռագիր է հղել Ուզբեկստանի իր գործընկերոջը
Վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր ցավակցական հեռագիր է հղել Ուզբեկստանի Հանրապետության վարչապետ Աբդուլլա Արիպովին՝ Ղազախստանի Ակտյուբինսկի շրջանում ուղևորատար ավտոբուսի հրդեհի կապակցությամբ, որը Ուզբեկստանի քաղաքացիների մահվան պատճառ է դարձել:
Կառավարության տեղեկատվության ու հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ, հեռագրում ասված է.
«Խորապես ցնցված եմ Ղազախստանի Ակտյուբինսկի շրջանում կատարված ողբերգության փաստով: Խնդրում եմ իմ խորին ցավակցություններն ու կարեկցանքի խոսքերը փոխանցել զոհվածների ընտանիքներին ու մերձավորներին, իսկ տուժածներին՝ շուտափույթ ապաքինում մաղթել»:
Հիշեցնենք, որ հրդեհի հետևանքով 52 մարդ էր մահացել:
Ավելի վաղ՝ Ուզբեկստանի Հանրապետության նախագահ Շավքաթ Միրզիյոևին ցավակցական հեռագիր էր հղել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը: Նախագահը խնդրել է իր անկեղծ ցավակցությունն ու կարեկցանքի խոսքերը փոխանցել զոհվածների հարազատներին ու մտերիմներին, իսկ վիրավորներին՝ շուտափույթ ապաքինման մաղթանքները: