Մանաբու Հորի. Հայաստանը Ճապոնիայի կարևոր գործընկերներից մեկն է
Վերջին տարիներին հայ-ճապոնական հարաբերությունները զարգացել են ու ընդլայնվել տարբեր ոլորտներում: Այս մասին հայտարարել է ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը Ճապոնիայի արտաքին գործերի նախարարի խորհրդարանական հարցերով տեղակալ Մանաբու Հորիի հետ հանդիպման ժամանակ:
Խորհրդարանի ղեկավարը կարևորել է միջխորհրդարանական կապերի, հատկապես խորհրդարանական բարեկամական խմբերի ակտիվ համագործակցության դերը հայ-ճապոնական երկկողմ հարաբերությունների զարգացման հարցում: Այս համատեքստում անհրաժեշտ է համարել խորհրդարանականների փոխայցերն ու փորձի փոխանակումը:
ԱԺ հանրային կապերի վարչության փոխանցմամբ, Արա Բաբլոյանը բարձր է գնահատել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցում Ճապոնիայի ունեցած հավասարակշիռ դիրքորոշումը:
Ազգային ժողովի նախագահն իր երախտագիտությունն է հայտնել Ճապոնիայի կառավարությանը տարիներ շարունակ Հայաստանին աջակցելու և օժանդակության ծրագրեր իրականացնելու համար: ՀՀ ԱԺ նախագահը պատրաստակամություն է հայտնել այսուհետ ևս նպաստելու հայ-ճապոնական համատեղ ծրագրերի իրականացմանը:
Ճապոնիայի արտաքին գործերի նախարարի խորհրդարանական հարցերով տեղակալ Մանաբու Հորիին հույս է հայտնել, որ իր այցը նոր խթան կհանդիսանա երկու երկրների հարաբերությունների առավել զարգացմանն ու խորացմանը: Բարձր գնահատելով Ճապոնիայի և Հայաստանի միջև առկա հարաբերությունների մակարդակը` նա փաստել է, որ Հայաստանը Ճապոնիայի կարևոր գործընկերներից մեկն է: Ընդգծելով երկու երկրների խորհրդարանական բարեկամական խմբերի ակտիվ գործունեության դերը՝ Մանաբու Հորիին պատրաստակամություն է հայտնել նպաստելու միջպետական հարաբերությունների խորացմանը:
Հարակից հրապարակումներ`
- Ստորագրվել է Հայաստանի և Ճապոնիայի միջև ներդրումների խրախուսման և պաշտպանության մասին համաձայնագիրը
- Հայ-ճապոնական միջպետական կապերը վերընթաց զարգացում են ապրում. Էդվարդ Նալբանդյան
- ՀՀ նախագահ. Հայ-ճապոնական հարաբերությունները վերջին տարիներին արձանագրել են դրական դինամիկա