ԵԽ-ն ՄԻԵԴ վճիռների կատարման տարեկան զեկույցում հրապարակել է նաև Հայաստանի վիճակագրությունը
Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեն, որը վերահսկում է Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճիռները, հրապարակել է վճիռների կատարման 2017թ.-ի տարեկան զեկույցը:
Ինչպես նշվում է զեկույցում, Նախարարների կոմիտեն նախորդ տարի փակել է ռեկորդային թվով չիրականացված վճիռներ՝ 3.691, որը 24 տոկոսով նվազեցրել է Նախարարների կոմիտեի վերահսկողության տակ գտնվող վճիռների թիվը:
Նշվում է, որ նոր համալիր խնդիրներ են անընդհատ առաջ գալիս, որոնք կապված են Եվրոպայում չլուծված հակամարտությունների գոտիների հետ:
Զեկույցի տվյալներով, 2017թ.-ին ԵԽ Նախարարների կոմիտեի վերահսկողության տակ է անցել 1333 նոր վճիռներ, որոնցում առաջատար են ընդդեմ Ռուսաստանի (370), Թուրքիայի (138), Ռումինիայի (110), Ուկրաինայի (109) և Հունաստանի (103) վճիռները: Ընդդեմ Հայաստանի վճիռները 15-ն են, որը աճ է արձանագրել 2016թ.-ի 10-ի համեմատ:
Ըստ ԵԽ դասակարգման, Հայաստանում առաջնային համարվող վճիռները, որոնք բացահայտում են կառուցվածքային կամ համակարգային խնդիրներ, 2-ն են, իսկ կրկնվող վճիռների թիվը (նախկինում բարձրացված խնդիրների հետ կապված) 13 է:
2017թ.-ին ամենաշատ վճիռներ փակած երկրներից է Իտալիան՝ 2001, Հունգարիան՝ 296, Ռուսաստանը՝ 254, Ռումինիան՝ 144, և Լեհաստանը՝ 133: Հայաստանը 2017-ին փակել է 4 գործ:
2017թ.-ին ՄԻԵԴ-ը որպես արդարացի բավարարում ընդդեմ Ռուսաստանի կայացրել է 14.6մլն եվրոյի փոխհատուցման որոշում, ընդդեմ Իտալիայի՝ 12.5մլն եվրո, Թուրքիայի՝ 11.6մլն, Սլովակիայի՝ 5.9մլն, Հունաստանի՝ 3.7մլն եվրոյի փոխհատուցման որոշում:
2017թ.-ի Հայաստանի նկատմամբ որպես արդարացի բավարարման փոխհատուցման գումարը կազմել է 106,665 եվրո, որը աճ է արձանագրել 2016թ.-ի 93.585 եվրոյի համեմատ:
Որպես Հայաստանում ձեռքբերումներ նշվում է, որ կատարված բարեփոխումների արդյունքում մեծացել է դատարանի վերջնական վճռի նկատմամբ հարգանքը, արդար դատաքննությունը, Վճռաբեկ դատարանի ու Սահմանադրական դատարանի վճիռների պատճառաբանությունների բարելավումը, հավաքների ազատությունը, որի համար լրացուցիչ երաշխիքներ են ներկայացվել 2015թ.-ի սահմանադրական բարեփոխումներով:
Հայաստանի կողմից չիրականացված հիմնական վճիռները 4-ն են. ընդդեմ Հայաստանի Աշոտ Հարությունյանի, Չիրագովն ու այլոք, Վիրաբյանի ու Մուրադյանի գործերը:
Լրահոս
Տեսանյութեր
«Ձեր սիրելի Ալիևը «Նոլդու Փաշինյան» երգը միացրած Արցախով պտտվում է». Բագրատ Սրբազանը՝ իշխանությանը