Մ. Մարգարյան. Հայաստանը և Լեռնային Ղարաբաղը լիովին սատարում են զինադադարի խախտումները հետաքննելու մեխանիզմի հաստատումը
Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի սահմանամերձ շրջանների քաղաքացիական բնակչությունը պարբերաբար վտանգի է ենթարկվում ադրբեջանական կողմից։ Այս մասին հայտարարել է ՄԱԿ-ում ՀՀ ներկայացուցչության դեսպանորդ Մհեր Մարգարյանը, ով մասնակցում էր ՄԱԿ Անվտանգության խորհրդի՝ «Քաղաքացիական անձանց պաշտպանությունը ռազմական հակամարտություններում» խորագրով նիստին:
ԱԳՆ մամուլի և տեղեկատվության վարչության փոխանցմամբ, քննարկմանը ելույթներով հանդես են եկել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը և ԿԽՄԿ-ի գլխավոր տնօրեն Իվ Դակորը, որոնք անդրադարձել են զինված հակամարտություններում քաղաքացիական բնակչության պաշտպանության խնդրին, այդ թվում` մարդու իրավունքների և միջազգային հումանիտար իրավունքի նորմերի խախտման անպատժելիության և ժխտողականության հարցերին՝ շեշտելով կանխարգելման արդյունավետ մեխանիզմների կարևորությունը:
Հայաստանի ներկայացուցիչը դատապարտել է միջազգային հումանիտար իրավունքի ոտնահարման դեպքերը, կարևորելով քաղաքացիական անձանց, ներառյալ հումանիտար անձնակազմի, բուժաշխատողների և լրագրողների պաշտպանության գործում միջազգային իրավունքի, հատկապես Ժնևյան կոնվենցիաների և դրանց լրացուցիչ արձանագրությունների լիակատար իրականացումը։ Նշվել է նաև, որ միջազգային հումանիտար իրավունքը Հայաստանում ռազմական կրթական հաստատությունների ուսումնական ծրագրերի մաս է կազմում:
Հիշատակվել է, որ 2016թ. ապրիլին Արցախի դեմ Ադրբեջանի կողմից իրականացված լայնածավալ ռազմական ագրեսիան և քաղաքացիական բնակչության, ներառյալ ծերերի և երեխաների նկատմամբ կիրառված բռնությունները։
Անդրադարձ է կատարվել Ադրբեջանի կողմից շարունակաբար իրականացվող հայատյացության քաղաքականությանը, ինչի մասին նշվել է նաև 2016թ. հրապարակված ՄԱԿ-ի Ռասայական խտրականության դեմ պայքարի կոմիտեի զեկույցում։
ՀՀ ներկայացուցչի կողմից վերահաստատվել է, որ Հայաստանը և Լեռնային Ղարաբաղը լիովին սատարում են զինադադարի խախտումները հետաքննելու մեխանիզմի հաստատումը, ինչպես նաև ԵԱՀԿ Գործող նախագահողի անձնական ներկայացուցչի գրասենյակի մոնիտորինգային կարողությունների ավելացումը, ինչը հնարավորություն կընձեռի միջազգային հանրության համար բացահայտելու զինադադարի խախտումների և մարդկային զոհերի համար պատասխանատու կողմին:
Հարակից հրապարակումներ`
- Ժնևյան գագաթաժողովից հետո զինադադարի խախտումները շփման գծում շարունակվում են. Նալբանդյան
- Զինադադարի խախտում իրականացնելով Ադրբեջանը վտանգել է բանակցային գործընթացը. Տիգրան Բալայան
Լրահոս
Տեսանյութեր
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամները քայլերթով գալու են Երևան. Բագրատ Սրբազան