Վրաստանի նախագահը պաշտոնապես ներկայացրել է վարչապետի թեկնածուին
Վրաստանի նախագահ Գրիգորի Մարգվելաշվիլին պաշտոնապես ներկայացրել է վարչապետի թեկնածուին՝ Մամուկա Բախտաձեին:
«Գրուզիա օնլայն»-ի փոխանցմամբ, երկրի առաջին դեմքի ստորագրած հրամանագրում ասված է. «Սահմանադրության համաձայն, խորհրդարանական մեծամասնությունը վարչապետի պաշտոնի համար ներկայացնում է Մամուկա Բախտաձեի թեկնածությունը»:
Վերջինը յոթ օր ժամանակ ունի նախարարների կաբինետի ձևավորման համար: Հիշեցնենք, որ մինչ այս նա Վրաստանի ֆինանսների նախարարն էր:
«Թիմը միաձայն աջակցել է նրա թեկնածությանը: Վստահ եմ, որ Մամուկա Բախտաձեի ղեկավարությամբ Վրաստանի կառավարությունը հաջողությամբ կապահովի երկրի առաջընթացը»,-հայտարարել է մեծամասնության առաջնորդ Արչիլ Տալակվաձեն:
Մամուկա Բախտաձեն ծնվել է 1982 թ.-ի հունիսի 9-ին: Բարձրագույն կրթություն է ստացել Թբիլիսիի պետական և Տեխնիկական համալսարաններում: Մագիստրատուրան ավարտել է Մոսկվայի Լոմոնոսովի անվան պետական համալսարանում 2010 թվականին: Ստացել է INSEAD (Ֆրանսիա) բիզնես-դպրոցի և բիզնես- կառավարման մագիստրոսի որակավորում: Տեխնիկական գիտությունների դոկտոր է:
2017 թվականի նոյեմբերի 13-ից մինչ այսօր Վրաստանի ֆինանսների նախարար է: 2013 թ. ապրիլից մինչ 2017 թ. նոյեմբերի 13-ը զբաղեցրել է ԲԸ «Վրացական երկաթուղիներ» գլխավոր տնօրենի պաշտոնը: