Այսօր առաջին անգամ նշվում է պառլամենտարիզմի օրը
2018 թ. հունիսի 30-ին առաջին անգամ նշվում է պառլամենտարիզմի օրը: Այս մասին տեղեկանում ենք ՄԱԿ-ի պաշտոնական էջից:
Աղբյուրը հիշեցնում է, որ 1889-ին ստեղծվել է Միջխորհրդարանական միությունը, օրը կոչված է ընդգծելու խորհրդարանական համակարգի կարևորությունը, ինչպես նաև ամբողջ աշխարհում մարդկանց կյանքի բարելավման գործում խորհրդարանի դերը:
Նշվում է, որ ուժեղ խորհրդարանները ժողովրդավարության հիմքն են, դրանք արտացոլում են ժողովրդի կամքը, ընդունում օրենքներ, ձեռնամուխ լինում այնպիսի քաղաքական որոշումների կայացմանը, որոնք բարենպաստ ազդեցություն կունենան քաղաքացիների կյանքում:
Օրվա առթիվ խորհրդարանների վերաբերյալ փոքրիկ վիճակագրություն է նաև հրապարակվել, ըստ այդմ յուրաքանչյուր երկրում այս կամ այն կերպ գործում է ներկայացուցիչների մարմին:
Խորհրդարանական համակարգերը լինում են երկպալատ և միպալատ: ՄԱԿ-ի անդամ 193 երկրներից 79-ում գործում է երկպալատ համակարգ, իսկ 114-ում՝ միապալատ: Ընդհանուր առմամբ, 272 պալատներն ունեն 46 հազար անդամներ: Ամենահին խորհրդարանը իսլանդականն է, այն հիմնադրվել է 930 թվականին: