ԵԽԽՎ նախագահ․ Խավիարգեյթից հետո ԵԽԽՎ-ն պետք է վերականգնի վստահությունը մարդկանց մոտ
Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում տարածված կոռուպցիոն սկանդալների, զեկույցների ընդունման, ներկա ու նախկին անդամների նկատմամբ պատժամիջոցների սահմանման, ֆինանսական դժվարությունների այս բարդ ժամանակահատվածում ԵԽԽՎ նախագահ ընտրվեց շվեյցարացի պատգամավոր Լիլիան Մորի Պասկիեն, ով պետք է առաջնորդի կառույցը։
Շվեյցարական swissinfo կայքը հարցազրույց է հրապարակել ԵԽԽՎ նորընտիր նախագահի հետ՝ անդրադառնալով այսպես կոչված «Խավիարգեյթին»։
«Խավիարգեյթ սկանդալը բացահայտեց «հիմնավոր կասկածները», որ Ադրբեջանը փորձել է կաշառել խորհրդարանականներին նվերներով, կանխիկ գումարներով՝ 2013թ․-ին Ադրբեջանում քաղաքական բանտարկյալների վերաբերյալ զեկույցի տապալման համար»,-ասել է ԵԽԽՎ նախագահը։
Չնայած ԵԽԽՎ Անկախ հետաքննության մարմնի ներկայացրած արդյունքներին ու անդամների կողմից ձեռնարկված կոռուպցիայից անջատվելու այլ քայլերին, Պասկիեն ասել է, որ ԵԽԽՎ-ն դեռևս պետք է վերականգնի իր վստահությունը մարդկանց մոտ, որը խաթարվել է այս սկանդալի պատճառով։
Հարցին, թե արդյոք Պասկիերի նախագահությունը կարող է ստվերվել «խավիարգեյթի» պատճառով, ԵԽԽՎ նախագահը պատասխանել է, որ բացահայտված հիմնական խնդրները մեծամասամբ լուծվել են։
«Այս գործը մեզ զարմացրեց, քանի որ մեր Վեհաժողովը միայն խորհրդատվական է։ Մեր որոշումներից ոչ մեկը պարտադիր կիրառման չեն։ Ուստի զարմանալի է՝ կաշառելու ու ազդելու այս ցանկությունը։ Միևնույն ժամանակ, խավիարգեյթը ցույց է տալիս, որ անգամ այսպիսի համաժողովում պետությունները փորձում են բարելավել իրենց իմիջը՝ փորձելով ազդել խորհրդարանականների վրա։ Արդյունքում, ԵԽԽՎ-ն ընտրում է ՄԻԵԴ դատավորներ»,-ասել է Պասկիեն։
ԵԽԽՎ-ի առաջ ծառացած մյուս խնդիրը Պասկիեն նշել է ֆինանսականը, որը կապված է Ռուսաստանի՝ ԵԽ բյուջե գումարների չփոխանցման հետ։ Ռուսաստանը պահանջում է անվերապահորեն վերականգնել իր պատվիրակների իրավունքները ԵԽԽՎ-ում, որից նրանք զրկվել են 2014թ․-ին Ղրիմի «անեքսիայի» պատճառով։ Ֆինանսական բարդություններն առավել սրվեցին, երբ Թուրքիան որոշեց այլևս չլինել ԵԽ բյուջեի խոշոր դոնոր ու ԵԽ բյուջե իր կողմից 33մլն եվրոյի փոխարեն արդեն փոխանցում է 13մլն եվրո։
Հարցին, թե ինչու Արևմտյան Եվրոպայի երկրները չեն լրացնում ֆինանսական ճեղքվածքը, ԵԽԽՎ նախագահը նշել է, որ միջազգային կազմակերպությունների նկատմամբ առկա է կասկածի ընդհանուր միտում։
«Այո՛, բարդ իրավիճակ է, անգամ վտանգավոր։ Քանի որ մենք պատրաստվում ենք նշել Եվրոպայի խորհրդի հիմնադրման 70-րդ ամյակը հաջորդ տարի, անհրաժեշտ է առավել կարևորել Եվրոպայի խորհրդի դերը Եվրոպայի բոլոր քաղաքացիների համար»,-ասել է ԵԽԽՎ նախագահ Լիլիան Մորի Պասկիեն։