ՀՀ նախագահը շնորհավորել է Մակրոնին
Նախագահ Արմեն Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին՝ Ֆրանսիայի Հանրապետության Ազգային տոնի կապակցությամբ: ՀՀ նախագահի պաշտոնական էջում հրապարակված ուղերձում ասված է.
«Մեծարգո՛ պարոն Նախագահ,
Ջերմորեն շնորհավորում և լավագույն մաղթանքներ եմ հղում Ձեզ և Ֆրանսիայի բարեկամ ժողովրդին՝ Ֆրանսիայի Հանրապետության Ազգային տոնի կապակցությամբ:
Հայաստանի և Ֆրանսիայի միջեւ դարերի խորքից եկող բարեկամությունը և այսօր մեր պետությունների միջև առանձնաշնորհյալ հարաբերությունները, առկա բարձր մակարդակի քաղաքական երկխոսությունն ու փոխվստահությունը կայուն հիմք են հայ-ֆրանսիական փոխգործակցության հետագա զարգացման և խորացման համար:
Լիահույս եմ, որ երկուստեք ջանքերով կնպաստենք հայ-ֆրանսիական երկկողմ օրակարգի ընդլայնմանը և համագործակցության նոր հնարավորությունների բացահայտմանը:
Հայաստանը մեծապես կարևորում է Ֆրանսիայի՝ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրի ջանքերը Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացում՝ ի նպաստ մեր տարածաշրջանում խաղաղության և կայունության:
Վերստին շնորհավորելով Ֆրանսիայի Ազգային տոնի առթիվ` մաղթում եմ Ձեզ անսպառ եռանդ և հաջողություններ, իսկ Ֆրանսիայի բարեկամ ժողովրդին՝ առաջընթաց և բարօրություն»:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Գևորգ Դանիելյան. Շատ վատ է, որ մենք չենք օգտագործում Սահմանադրության անվտանգության բարձիկները