ՄԱԿ-ը պատրաստակամ է աջակցելու Հայաստանի հետագա զարգացմանը. Անտոնիու Գուտերեշ
Հուլիսի 18-ին Հայաստանի արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը Նյու Յորքում հանդիպում է ունեցել Միավորված ազգերի կազմակերպության գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշի հետ: Այս մասին հայտնում են ԱԳՆ լրատվական ծառայությունից։
Ողջունելով Զոհրաբ Մնացականյանին` Անտոնիու Գուտերեշը ընդգծել է, որ տպավորված է Հայաստանում տեղի ունեցած հեղափոխությամբ, դրան հաջորդած փոփոխություններով, և շեշտել, որ ՄԱԿ-ը պատրաստակամ է աջակցելու Հայաստանի հետագա զարգացմանը` մեր երկրի համար կարևորություն ներկայացնող ասպարեզներում։
ՀՀ ԱԳՆ ղեկավարը նշել է, որ Հայաստանը մեծապես կարևորում է ՄԱԿ-ի շրջանակներում ծավալվող բազմաբնույթ համագործակցությունը և վերահաստատել մեր երկրի նոր կառավարության մեծ շահագրգռվածությունն էլ ավելի հարստացնելու համատեղ օրակարգը:
ՀՀ ԱԳ նախարարը ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարին ներկայացրել է Հայաստանում տեղի ունեցած վերջին ներքաղաքական զարգացումները՝ նշելով, որ կառավարության առաջնահերթությունները հստակ են․ ժողովրդի կողմից տրված լայն մանդատի հիման վրա իրականացնել բարեփոխումների գործընթացն արդարադատության, օրենքի գերակայության, սոցիալական և տնտեսական ոլորտում հավասար հնարավորությունների ընձեռման, կառուպցիայի դեմ պայքարի և բոլոր այն ուղղություններով, որոնք ընկած են ՀՀ կառավարության ծրագրի ու գործունեության հիմքում։
Արտահերթ ընտրությունների կամզակերպման ուղղությամբ ձեռնարկվող քայլերի համատեքստում նախարար Մնացականյանն ընդգծել է Հայաստանի իշխանությունների պատրաստակամությունն ընտրությունների պատշաճ կազմակերպման գործում սերտորեն համագործակցելու միջազգային գործընկերների, այդ թվում՝ ՄԱԿ-ի Զարգացման գործակալության հետ։ Անտոնիու Գուտերեշը վերահաստատել է, որ այս առումով ևս Հայաստանը կարող է հիմնվել ՄԱԿ-ի փորձառության ու աջակցության վրա։
Հայաստանի արտգործնախարարը և ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարը մտքեր են փոխանակել Հայաստանում կայանալիք Ֆրանկոֆոնիայի 17-րդ գագաթաժողովի նախապատրաստական աշխատանքների շուրջ։
Անդրադարձ կատարելով ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորմանը՝ նախարար Մնացականյանը վերահաստատել է Հայաստանի հանձնառությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության հովանո ներքո հակամարտության բացառապես խաղաղ հանգուցալուծմանը՝ նշելով, որ հայկական կողմի համար բանակցային գործընթացի առաջնայնություններն են Արցախի կարգավիճակը և անվտանգությունը:
Բանակցային գործընթացի առաջմղման համար նախարար Մնացականյանը կարևորել է խաղաղությանը նպաստող մթնոլորտի ձևավորումը, զինադադարի անշեղ պահպանումն ու ագրեսիվ հռետորաբանությունից հրաժարվելը։
ՀՀ ԱԳ նախարարը և ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը հանգամանալից քննարկել են ՄԱԿ-ի շրջանակներում Հայաստանի համագործակցությանն առնչվող հարցեր, անդրադարձել դրանց առավել խորացման ու ընդլայնման ուղղությամբ իրականացվող համատեղ քայլերին:
Լրահոս
Տեսանյութեր
Գևորգ Դանիելյան. Շատ վատ է, որ մենք չենք օգտագործում Սահմանադրության անվտանգության բարձիկները