Թրամփը Բրեննանին անվանել է ԱՄՆ-ի պատմության մեջ ԿՀՎ վատագույն ղեկավարը
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը թվիթերի իր էջում Կենտրոնական հետախուզական վարչության նախկին տնօրեն Ջոն Բրեննանին անվանել է այդ գերատեսչության՝ երբևէ պաշտոնավարած ամենավատ ղեկավար և բացատրել, թե ինչու չի հավատում, որ նա դատարան կդիմի գաղտնի նյութերին հասանելիության հետկանչի պատճառով: Այս մասին տեղեկացնում է «Գազետա.ռու»-ն:
«Ես հույս ունեմ, որ ԿՀՎ-ի՝ մեր երկրի պատմության մեջ վատագույն ղեկավարը դատարան կդիմի: Այդ ժամանակ այնքան հեշտ կլիներ ստանալ բոլոր ձայնագրությունները, նամակներն ու փաստաթղթերը, որոնք ոչ միայն ցույց կտան, թե ինչքան վատ է նա կատարել իր աշխատանքը, այլ նաև կբացահայտեն, թե որքան է նա ներգրավված եղել Մյուլլերի` վհուկների դեմ խարդախ որսի մեջ: Նա դատարան չի դիմի»,- գրել է Թրամփը թվիթերյան իր էջում: