Փաշինյան-Ալիև հանդիպում այս պահին նախատեսված չէ. Տիգրան Բալայան
«Ադրբեջանական կողմից կրակոցների դեպքերում մեր գործողությունները բավականին մշակված են: Մեխանիզմը հստակ է. առաջին հերթին տեղյակ են պահվում համանախագահ երկրների արտգործնախարարությունները, դեսպանները, համանախագահները, նաև ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչը, որ հերթական անգամ կոպտագույն խախտում է եղել ադրբեջանական կողմից: Ստիպված ենք արձանագրել, որ դրանք շարունակական բնույթ են կրում, ինչն ուղիղ հետևանք է ադրբեջանական կողմի՝ երկու տարի շարունակվող ապակառուցողական կեցվածքի, որով նա մերժում է իրականացնել Վիեննայում, Սանկտ Պետերբուրգում և Ժնևում ձեռք բերված համաձայնությունները՝ մասնավորապես ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի թիմի և կարողությունների ընդլայնման, ինչպես նաև շփման գծում և ՀՀ հետ սահմանին միջադեպերի հետաքննության մեխանիզմի ներդրման վերաբերյալ»,- այսօր տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ԱԳՆ մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը՝ անդրադառնալով երեկ Տավուշի ուղղությամբ ադրբեջանական կողմի կրակոցների թեմային:
Անդրադառնալով Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների կայանալիք հանդիպմանը՝ բանախոսը նշեց, որ հայկական կողմը նախընտրում է այդ մասին հայտարարել համաձայնեցված կարգով:
«Սա վկայում է մեր պատասխանատու վերաբերմունքի մասին: Օրինակ, Ադրբեջանն ամեն շաբաթ ասում է, որ այո, հանդիպելու են: Մենք ունենք սահմանված ժամկետ՝ երբ է այս մասին հայտարարվելու: Պետք է սպասել»,- ասաց Տիգրան Բալայանը:
ԱԳՆ մամուլի խոսնակը միաժամանակ հավելեց, որ Փաշինյան-Ալիև հանդիպում այս պահին նախատեսված չէ:
Բանախոսը միաժամանակ շեշտեց՝ Վիեննայի, Սանկտ Պետերգուրգի և Ժնևի պայմանավորվածությունների կատարման ուղղությամբ սկզբունքորեն պնդում է ոչ միայն հայկական կողմը, այլև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն ու միջազգային մի շարք կառույցները՝ ԵՄ, ՄԱԿ:
Այլ խոսքով, սա Հայաստանի քմահաճույքը չէ. «Ընդհանրապես, միջազգային հարաբերություններում ընդունված չէ որևիցե բանի շուրջ պայմանավորվել և չանել, սակայն Ադրբեջանի գործելաոճը տարիներ շարունակ այդպիսին է: Սա արդեն բնավորությնա գիծ է»: