ԱԳ նախարար. ՀՀ-ը ընդգծում է Արցախի ժողովրդի կարգավիճակի և անվտանգության հարցերի ծայրահեղ առաջնահերթությունը
Հայաստանը վերահաստատում է խաղաղությանը նպաստող միջավայրի ձևավորման և խթանման կարևորությունը: Հայաստանը նաև ընդգծում է Արցախի ժողովրդի կարգավիճակի և անվտանգության հարցերի ծայրահեղ առաջնահերթություն լինելու հանգամանքը: Այս մասին հայտարարել է արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը՝ ելույթ ունենալով ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի 39-րդ նստաշրջանին։
Նա ընդգծել է՝ միջազգային հանրությունը բոլոր մակարդակներում պետք է շարունակի վճռականորեն հակազդել այնպիսի վտանգավոր երևույթներին, ինչպիսին են տեղեկատվական տեխնոլոգիաների և լրատվամիջոցների շահագործումը՝ ատելություն և անհանդուրժողականություն սերմանելու նպատակով: Պատմությանը քաջ հայտնի են անսանձ ատելության հետևանքները: Պետք է հիշել, որ նրանք, ովքեր չեն սովորում պատմությունից, դատապարտված են այն կրկնելուն:
ԱԳՆ լրատվության ու հանրային դիվանագիտության վարչության փոխանցմամբ, նախարարն իր ելույթում ասել է. «Հայաստանը և հայ ժողովուրդը եղել են Ադրբեջանի կողմից զանգվածային և սիստեմատիկ ատելության և այլատյացության հռետորաբանության մշտական թիրախ: Ադրբեջանական պետական քարոզչությունը ոչ միայն թիրախավորված քաղաքականության հետևանք է, այլև թույլ ժողովրդավարական ինստիտուտների, ազատ մամուլի բացակայության և մարդու իրավունքների ցածր մակարդակի հետևանք:
Մենք ականատես ենք լինում Ադրբեջանի կողմից հայ ժողովրդի դեմ ուղղված ռազմական հռետորաբանության հաճախակիացման և ագրեսիվ ռազմատենչության միջև անմիջական կապին: 2016թ. ապրիլին Լեռնային Ղարաբաղի դեմ Ադրբեջանի ռազմական ագրեսիայի ընթացքում իրականացված հանցագործությունները վերահաստատում են ինքնորոշման իրավունքի իրացման արդիականությունը: Այս իրավունքը Լեռնային Ղարաբաղի բնակչության համար կենսական նշանակություն ունի»։
Զոհրաբ Մնացականյանը շեշտել է՝ Հայաստանը վերահաստատում է իր հստակ աջակցությունը մարդու իրավունքների համընդհանրությանը և դրանց՝ հավասար հիմքերի վրա կիրառելիությանը՝ առանց ՄԱԿ-ի Կանոնադրությանը, Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրին և այլ հիմնարար գործիքներին որևէ խտրականության և հակադրության:
«Միաժամանակ, «ոչ մեկին դուրս չթողնելու» հանձնառությունը 2030թ. Կայուն զարգացման օրակարգի հիմնասյունն է: Մենք պետք է ընդունենք այն տարածքների և ժողովուրդների գոյությունը, որոնք պայքարում են իրենց իրավունքների, առաջին հերթին՝ ինքնորոշման իրավունքի իրականացման համար:
Ինքնորոշման և դրա հետ փոխկապակցված իրավունքների ճանաչումը և դրանց նկատմամբ հարգանքը լուրջ փորձառություն են ՄԱԿ-ի և մարդու իրավունքների պաշտպանության համակարգի համար: Մինչդեռ, ևս մեկ անգամ ցանկանում եմ վերահաստատել Հայաստանի, նրա նոր կառավարության վճռական հանձնառությունը Լեռնային Ղարաբաղի հակամարտության բացառապես խաղաղ և բանակցային հանգուցալուծմանը` միջազգայնորեն համաձայնեցված միակ՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ձևաչափում»,-ասել է նախարարը։
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին