Կվերադառնա՞ Ռուսաստանը ԵԽԽՎ․ ընտրություն անպատվության ու պատերազմի միջև
Այսօր Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի աշնանային նստաշրջանում քննարկվում է Վեհաժողովում մանդատների ու քվեարկության հետ կապված որոշումների ընդունման գործընթացի ամրապնդման վերաբերյալ զեկույցը:
Բելգիան ներկայացնող պատգամավոր Պետրա Դե Սուտերի ներկայացրած զեկույցում ասվում է, որ զեկույցը պատրաստվել է ԵԽԽՎ Բյուրոյի ժամանակավոր հանձնաժողովի առաջարկների հիման վրա, որը վերաբերում է ԵԽԽՎ-ում ազգային պատվիրակների մանդատների հաստատմանը, ներկայացուցչության և մասնակցության իրավունքների վերանայմանն ու, այս համատեքստում, Վեհաժողովի քվեարկության ընթացակարգերին ու նրա անդամների քվեարկության իրավունքներին:
ԵԽԽՎ Կանոնակարգի հանձնաժողովն առաջարկում է ընդլայնել ազգային պատվիրակությունների մանդատները հիմնարար հիմքերով վիճարկելու կամ վերանայելու ընթացակարգերի համահավասարությունը, ուժեղացնել Վեհաժողովի որոշումների օրինականությունն ու հեղինակությունը, երբ որոշում է կայացվում պատվիրակների մանդատների սահմանափակման, վերանայման հարցերը, ինչպես նաև սահմանափակել պատժամիջոցների շրջանակը, երբ պատվիրակությունների անդամների մանդատները վիճարկվում են:
Չնայած ողջ զեկույցում չկա Ռուսաստանի անունը, սակայն ԵԽԽՎ-ում բոլոր զեկույց ունեցողները նշում էին, որ իրականում այս զեկույցը նրա համար է, որ ԵԽԽՎ վերադառնա Ռուսաստանի պատվիրակությունը, որը զրկվել է քվեարկության ու մի շարք իրավունքներից 2014թ․-ին Ղրիմի «անեքսիայի» պատճառով։ Իր պատվիրակության իրավունքների սահմանափակման պատճառով Ռուսաստանը հրաժարվել է ԵԽ բյուջե վճարել անդամավճարի 3-րդ հատվածը, որը կազմում է, որ 11 մլն եվրո։
Մեծ Բրիտանիայի պատվիրակ Ռոջեր Գեյլը ասաց, որ ԵԽ-ում Մեծ Բրիտանիայի մշտական ներկայացուցիչը հայտարարել է, որ սա քայլ է ճիշտ ուղղությամբ և Ռուսաստանը որպես բարի կամքի դրսևորում կարող էր վճարել իր անդամավճարը, սակայն ՌԴ կողմից այդ բարի կամքի դրսևորմը ոչ միայն չկա, այլ այն սպառնալիք էր, թե եթե «մենք չստանանք այն, ինչ ցանկանում ենք, հետևանքներ կլինեն»։
«Մենք պետք է հստակ ուղերձ հղենք, որ ԵԽԽՎ ընտրված մարմինը ոչ մի գնով չի վաճառվում»,-ասաց Ռոջեր Գեյլը։
Պատգամավորներից մեկն նշեց, որ այս զեկույցին դեմ կամ կողմ լինելը կարելի է արտահայտել Չերչիլի խոսքերով՝ «Ձեզ տրվեց ընտրություն պատերազմի և անպատվության միջև: Դուք ընտրում եք անպատվությունը և կունենաք պատերազմ»։Զեկույցը քննարկվելու է այսօր ողջ օրվա ընթացքում ու կքվեարկվի երեկոյան։
Նշենք, որ 2014թ․-ին Ռուսաստանի նկատմամբ ԵԽԽՎ պատժամիջոցների սահմանումից հետո ՌԴ-ն մասնակցում է ԵԽ նախարարների կոմիտեի աշխատանքին, բայց ոչ ԵԽԽՎ-ի, ինչը, ըստ մասնագետների, առաջացրել է իրավական խնդիր։