Հայկ Մարությանը կերդվի հոկտեմբերի 13-ին
Երևանի նորընտիր քաղաքապետ Հայկ Մարությանի երդման արարողությունը տեղի կունենա հոկտեմբերի 13-ին ժամը 12-ին հրավիրված ավագանու նիստում։ Նիստը տեղի կունենա Երևանի քաղաքապետարանի շենքում։
Այդ մասին ավագանու ընթացող նիստում հայտարարեց Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղար Սերգեյ Մակարյանը։
Նրա խոսքով, նիստին ներկա գտնվելու համար հրավերներ են ուղարկվելու պաշտոնատար անձանց, քաղաքական, հասարակական, մշակութային, եկեղեցական գործիչների, պատվավոր հյուրերի։
Նա ավագանու հյուրերին կոչ արեց քաղաքապետարանում լինել ժամը 11-ին։
Ավագանու գրանցված բոլոր 58 անդամները կողմ քվեարկեցին որոշման նախագծին։
Երևան քաղաքի ավագանու կանոնակարգը սահմանում է, որ քաղաքապետն իր լիազորությունները ստանձնում է ընտրվելուց հետո` երրորդ օրացուցային օրը, Ավագանու` օրենքի ուժով հրավիրված նիստում: Նիստը տեղի է ունենում Ավագանու նստավայրում` Երևան քաղաքի Արգիշտիի փողոց, 1 հասցեում: Նիստին կարող են ներկա գտնվել Հայաստանի Հանրապետության բարձրաստիճան պաշտոնյաներ, հրավիրվել պետական, հասարակական, մշակութային, կրոնական կազմակերպությունների գործիչներ, պատվավոր հյուրեր:
Նիստը վարող Ավագանու ավագ անդամը Քաղաքապետի երդմնակալությանը նվիրված Ավագանու նիստը հայտարարում է բացված և ամբիոնի մոտ է հրավիրում ընտրված Քաղաքապետին: Քաղաքապետը` աջ ձեռքը դնելով Օրենքի վրա, ընթերցում է Օրենքով ամրագրված Քաղաքապետի երդման տեքստը և ստորագրում երդման տեքստի տակ, որին հաջորդում է մայրաքաղաքի օրհներգը: Երդման ստորագրված տեքստն ի պահ է հանձնվում Երևան քաղաքի թանգարան: Նիստը վարողը հայտարարում է Ավագանու այն անդամների անուն-ազգանունները, որոնք մոտենալով ամբիոնին` Երևանի Քաղաքապետի խորհրդանիշ հանդիսացող լանջաշղթան` հայոց տասներկու մայրաքաղաքների անվանատառերով, հանձնում են նորընտիր Քաղաքապետին: Նորընտիր Քաղաքապետը հանդես է գալիս ելույթով: Ելույթի համար տրվում է մինչև քսան րոպե ժամանակ: Ելույթից հետո նիստը նախագահողը Ավագանու նիստի նախագահությունը փոխանցում է Քաղաքապետին: Պաշտոնապես իր պարտականությունները ստանձնած Քաղաքապետին և նորընտիր Ավագանուն իրենց ողջույնի խոսքն են ուղղում հրավիրված պաշտոնատար անձինք և պատվավոր այլ հյուրեր: Դրանով Ավագանու նիստը համարվում է ավարտված: Ավարտից հետո Քաղաքապետարանում տեղի է ունենում հյուրերի պաշտոնական ընդունելություն:
Քաղաքապետն արտասանում է երդման տեքստը. «Ստանձնելով Հայաստանի Հանրապետության մայրաքաղաք Երևանի քաղաքապետի պաշտոնը` երդվում եմ. Երևանի քաղաքապետի լիազորություններն իրականացնելու ընթացքում պահպանել Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը, օրենքները, Երևանի ավագանու որոշումները, ազնվորեն և բարեխղճորեն կատարել Երևանի քաղաքապետի լիազորությունները, ծառայել Երևանի բարգավաճմանը, գործել ի բարօրություն նրա բնակիչների։ Պարտավորվում եմ հոգ տանել մեր հնագույն մայրաքաղաքի փառքի պահպանման և բազմապատկման համար, պաշտպանել համայնքի իրավունքները, օրինական շահերը և սեփականությունը, ուժերիս անմնացորդ նվիրումով սատարել ժողովրդի հավատին, նպաստել նրա նյութական և հոգևոր վերելքին։ Աջակից լինել ամեն մի ազնիվ նախաձեռնության, որ միտված կլինի իմ համաքաղաքացիների նվիրական գաղափարների իրականացմանը։»։
Երդումն արտասանելուց հետո հնչում է Երևան քաղաքի օրհներգը։ Երևանի քաղաքապետը ստորագրում է երդման տեքստի տակ, որից հետո այն հանձնվում է ի պահ` Երևան քաղաքի թանգարանի պատասխանատու անձին։
Լրահոս
Տեսանյութեր
«Հավերժի ճամփորդներ». Զոհված տղաների պատմություններն ու երազանքները՝ առցանց ցուցադրությամբ