Մեր դերակատարումն այն է՝ աջակցել կողմերի միջև շփումներին, որպեսզի կարողանան գտնել հակամարտության լուծումը. Ջորջ Քենթ
«Որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկիր` ԱՄՆ-ն աջակցում է, որ կողմերը միասին խոսեն, երկրի ղեկավարների միջև շփումներ լինեն», - այսօր Երևանում լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց ԱՄՆ փոխպետքարտուղարի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով տեղակալ Ջորջ Քենթը։
Նա տեղեկացրեց, որ վերջին շրջանում կայացել է Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումը, դրանից հետո Դուշանբեում հանդիպել են ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները աջակցում են, որ կողմերը միասին խոսեն, երկրի ղեկավարների միջև շփումներ լինեն:
«ԱՄՆ-ն, Ռուսաստանը, Ֆրանսիան ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն են, և Հայաստանի ու Ադրբեջանի հետ միասին հանդիսանում են ԵԱՀԿ անդամ երկրներ։ Մեր բոլոր երկրները ընդունում են ԵԱՀԿ ստանդարտները, որոնք հայտնի են «Մադրիդյան սկզբունքներ» անվանմամբ: Առանցքային սկզբունքներ են համարվում ուժի չկիրառումը, տարածքային ամբողջականությունը և ժողովուրդների ինքնորոշման իրավունքը։ Յուրաքանչյուր երկիր կարող է իր մեկնաբանությունն ունենալ այս սկզբունքների վերաբերյալ, սակայն սրանք հիմնական սկզբունքներն են: Մեր դերակատարումն այն է, որ աջակցենք, նպաստենք կողմերի միջև շփումներին, որպեսզի կողմերը քննության առնեն բոլոր հարցերը և կարողանան գտնել հակամարտության լուծումը»,- ընդգծեց Ջորջ Քենթը:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
«Ձեր սիրելի Ալիևը «Նոլդու Փաշինյան» երգը միացրած Արցախով պտտվում է». Բագրատ Սրբազանը՝ իշխանությանը