Սենատը հաստատել է Լին Թրեյսիի թեկնածությունը Հայաստանում ԱՄՆ դեսպանի պաշտոնում
ԱՄՆ Սենատը հաստատել է նախագահ Դոնալդ Թրամփի կողմից առաջադրված Լին Թրեյսիի թեկնածությունը Հայաստանում ԱՄՆ դեսպանի պաշտոնում: Այս մասին նշված է Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի ֆեյսբուքյան էջում։
«Ես աջակցում եմ այս թեկնածությանը, սակայն ակնկալում եմ սերտորեն աշխատել տիկին Թրեյսիի հետ այն հարցի շուրջ, թե ինչպես նա կխրախուսի Հայոց ցեղասպանության արդար ճանաչումը»,-նշել է սենատոր Բոբ Մենենդեզը։
Նշենք, որ ավելի վաղ ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում անցած լսումների ընթացքում Լին Թրեյսին հայտարարել էր, որ Հայաստանում Միացյալ Նահանգների քաղաքականության հիմնական նպատակն է ամրապնդել Հայաստանի անկախ պետականությունը։
«Հայաստանում մեր քաղաքականության նպատակը մնում է անփոփոխ. անկախ, ժողովրդավար և բարգավաճող Հայաստանի ամրապնդումը, որը խաղաղության մեջ է ապրում իր հարևանների հետ: Եվ մենք կրկին հաստատում ենք մեր նվիրվածությունը ինքնիշխան Հայաստանին, որն ազատ է ընտրելու սեփական գործընկերներին», - հայտարարել է Թրեյսին:
Միացյալ Նահանգներն արտերկրում ներկայացնող դեսպանները առաջադրվում են նախագահի, սակայն հաստատվում Սենատի կողմից: 24 տարվա հանրային ոլորտում աշխատանքի փորձ ունեցող Լին Թրեյսին ԱՄՆ-ի Պետքարտուղարության Ռուսաստանի հարցերով ավագ խորհրդականն էր: Նախկինում զբաղեցրել է Ռուսաստանում ու Թուրքմենստանում ԱՄՆ-ի փոխդեսպանի պաշտոնը, եղել ԱՄՆ-ի փոխպետքարտուղարի տեղակալ Հարավային և Կենտրոնական Ասիայի երկրների գծով:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Գևորգ Դանիելյան. Շատ վատ է, որ մենք չենք օգտագործում Սահմանադրության անվտանգության բարձիկները