Սվիտալսկին արժևորել է խորհրդարանական դիվանագիտության դերը Հայաստան-ԵՄ հարաբերությունների զարգացման գործում
«Մեկնարկած նախաձեռնություններն ու նախանշված ծրագրերը կյանքի կոչելու և արդյունքներ արձանագրելու հարցում նորընտիր Ազգային ժողովը վճռական է»,- այս մասին նշել է Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը՝ այսօր ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկիի հետ հանդիպմանը։
ԱԺ լրատվության և հանրության հետ կապերի վարչության փոխանցմամբ՝ անդրադառնալով ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի վավերացման գործընթացին` Ազգային ժողովի նախագահը նշել է, որ այն կարևոր պայման է երկրում բարեփոխումներն ու ԵՄ-ի հետ գործընկերությունն ընդհանուր արժեհամակարգի հիման վրա առաջ մղելու համար: Խորհրդարանի ղեկավարն այս հարցում ակնկալել է դեսպանի աջակցությունը:
«Կարծում եմ, որ սա ևս լուրջ նվաճում կլինի և հարաբերությունները կհասցնի զարգացման նոր մակարդակի»,-ասել է Միրզոյանը:
ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին կարևորել է այն հանգամանքը, որ նա դարձել է ազատ, արդար և թափանցիկ ընտրությունների արդյունքում ձևավորված խորհրդարանի ղեկավար:
Դեսպանն ընդգծել է, որ նորընտիր Ազգային ժողովն ունի բոլոր հնարավորությունները ՀՀ-ում իրական պառլամենտարիզմի կայացման համար: Դեսպանը նաև արժևորել է միջխորհրդարանական կապերի ակտիվացումն ու խորհրդարանական դիվանագիտության դերը Հայաստան-ԵՄ հարաբերությունների զարգացման գործում: Դեսպան Սվիտալսկին Եվրոպական միության պատվիրակության անունից պատրաստակամություն է հայտնել ակտիվորեն համագործակցել Ազգային ժողովի ինստիտուցիոնալ կարողությունների զարգացման ուղղությամբ՝ հիմք ընդունելով խորհրդարանի կողմից գնահատված կարիքները:
Լրահոս
Տեսանյութեր
Բագրատ Սրբազան. Գիտենք թշնամու ախորժակը և այն, թե մեր իշխանություններն ինչպես են վերաբերվում դրան