Ինչո՞ւ գիծ դուրս չէին եկել ավտոբուսի վարորդները
Այսօր առավոտյան Երևանի Ավան վարչական շրջանից քաղաքացիները չեն կարողացել Կենտրոն ու քաղաքի այլ հատվածներ հասնել ավտոբուսների վարորդների գործադուլի պատճառով։
«Ավանից քաղաք իջնող ոչ մի երթուղային ավտոբուս չի աշխատում։ Խայտառակ վիճակ է, մարդիկ դրսում շվարած կանգնած են։ 20 րոպե պահանջվեց, որ մի ազատ տաքսի գտնեմ ու փորձեմ աշխատանքի տեղ հասնել»,-գրել է քաղաքացիներից մեկը։
Բողոքի ակցիային մասնակից վարորդները պահանջել են՝ «Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ի նախկին տնօրենին վերականգնեն աշխատանքում։
Երևանի քաղաքապետարանից հայտնում են, որ գործադուլի պատճառը եղել է «Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ի տնօրենին աշխատանքից հեռացնելն ու ընկերության պետի ժամանակավոր պաշտոնակատարի նշանակումը։
«Ընկերությունում նախատեսվող փոփոխությունները, մասնավորապես, տնօրենի փոփոխությունը մտավախություն է առաջացրել որոշ վարորդների մոտ, որ դրանց հետեւանքով կվատթարանան նրանց աշխատանքային պայմանները: Հայկ Մարությանը վստահեցրել է աշխատակիցներին, որ կրճատումներ ու կադրային փոփոխություններ ընկերությունում չեն լինելու, աշխատանքի պայմանները ոչ միայն չեն վատթարանալու, այլեւ հակառակը՝ սպասվում են բարելավումներ կանոնավոր աշխատաժամանակի եւ վարձատրության մասով: Այնուհանդերձ, այսօր առավոտյան ընկերության մի քանի վարորդներ հրաժարվել են դուրս գալ երթուղի՝ պահանջելով նախկին տնօրենի վերադարձը: Ժամը 9.00-ի դրությամբ, սակայն, երթուղիների կանոնավոր աշխատանքը վերականգնվել է»,-ասված է քաղաքապետարանի տարածած հաղորդագրության մեջ։
Ընկերությունը 19 երթուղի է սպասարկում շուրջ 180 ավտոբուսով: Բացի այդ, ընկերության հավաքակայանում շուրջ 70 չօգտագործված ավտոբուս կա: Դրանք քաղաքապետի հանձնարարությամբ առաջիկայում գիծ դուրս կբերվեն՝ համալրելով քաղաքապետարանի կողմից սպասարկվող երթուղիների ցանկը:
«Մինչև մայրաքաղաքի նոր տրանսպորտային համակարգի ամբողջական ներդրումը, մինջանկյալ նոր երթուղիներ ու շարժակազմ կներգրավվի: Երթուղիների ավելացմանն ու ընկերության գործառույթների ընդլայմանը զուգահեռ, «Երևան ավտոբուս»-ում տեղի կունենան փոփոխություններ, մասնավորապես, տեխնոլգիական վերազինման և նոր աշխատակիցների ներգրավման առումով»,-հայտնում են քաղաքապետարանից։
Լրահոս
Տեսանյութեր
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամները քայլերթով գալու են Երևան. Բագրատ Սրբազան