Մոգերինին՝ Կերչի նեղուցում տեղի ունեցածի պատճառով հակառուսական պատժամիջոցների մասին
ԵՄ արտաքին քաղաքականության ու անվտանգության հարցերով գերագույն հանձնակատար Ֆեդերիկա Մոգերինին հայտարարել է, որ Կերչի նեղուցում տեղի ունեցածի պատճառով հակառուսական նոր պատժամիջոցները Եվրամիության կողմից կարող են հաստատվել մի քանի շաբաթների ընթացքում, եթե իրավիճակը չբարելավվի։ Այս մասին տեղեկանում ենք Gazeta-ից։
Մոգերինին նշել է, որ նոր պատժամիջոցների վերաբերյալ որոշումը կարող է միաձայն որոշվել հաջորդ երկու շաբաթվա ընթացքում:
«Սանկցիաները կապված են վերջին իրադարձությունների հետ, ինչպես նաև անցյալ տարի ընդունված պատժամիջոցների հետ», - ավելացրել է Մոգերինին:
Մոգերինին ընդգծել է, որ նոր պատժամիջոցները կարող են հավանության չարժանանալ, եթե սկսվի «իրադարձությունների դրական զարգացում»:
«Այս պահի դրությամբ մենք հակառակն ենք տեսնում։ Հույս ունեմ, որ ԵՄ երկրները միասնական կլինեն պատժամիջոցների կիրառման հարցում՝ արդեն գործող ու հնարավոր նորերի դեպքում», - եզրափակել է Մոգերինին:
Հիշեցնենք, որ նոյեմբերի 25-ին ՌԴ-ն հայտնել էր, որ ուկրաինական ռազմական նավերը Ազովի ծովում հատել են իր սահմանը, որի արդյունքում 3 նավեր առգրավվել են, 24 նավաստիներ ձերբակալվել են ու 3-ը վիրավորվել։ Ղրիմի դատարանն ավելի ուշ որոշում էր կայացրել 12 ուկրաինացիներին 60 օրով կալանավորելու մասին։ Ուկրաինան Ռուսաստանի քայլը համարում է «ագրեսիա», Ռուսաստանն էլ իր հերթին Ուկրաինային մեղադրում է «սադրանքի» մեջ ու նշում, որ նրա նավերն անօրինական մուտք են գործել իր ծովային ջրեր։
Հարակից հրապարակումներ`
- Պորոշենկո. Կերչի նեղուցում տեղի ունեցածից հետո Կիևը Արևմուտքից սպասում է ոչ թե բառեր, այլ գործողություններ
- Կերչի նեղուցում ձերբակալված ուկրաինացի նավաստիներին տեղափոխում են Մոսկվայի կալանքի կենտրոններ
- Թրամփը չեղարկեց Պուտինի հետ հանդիպումը Արգենտինայում