Փաշինյան. Հայաստանը ավտորիտար երկիր չի լինի
«Եվրոնյուզ»-ի թղթակից Անդրեյ Բեկետովը Բրյուսելում զրուցել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ, անդրադարձել են արտաքին քաղաքականության. ԵՄ հետ համագործակցության, գազի գնի, տնտեսության վերաբերյալ հարցերին։
Հարցին, թե Փաշինյանի վարչապետ դառնալուց հետո ինչպե՞ս է փոխվում Հայաստանի արտաքին քաղաքականությունը, Երևանը դեռ հավասարակշռո՞ւմ է Մոսկվայի ու Բրյուսելի միջև հարաբերությունները, Փաշինյանն արձագանքել է.
«Չեմ կարծում, թե ճիշտ ձևակերպում է հավասարակշռումը։ Մեր արտաքին քաղաքականության կարևորագույն նպատակը մեր անվտանգությունն առավել ուժեղացնելն է, մեր ինքավարությունն ու անվտանգությունը պաշտպանելն է»։
Անդրադառնալով գազի գնի վերաբերյալ հարցին ու «ի՞նչ է ասում ձեզ Ուկրիանայի փորձը, որը տուժել է գազի մատակարարման ընդհատումներից» դիտարկմանը, Փաշինյանը պատասխանել է.
«Չեմ կարծում, որ մենք պետք է ինչ-որ բան սովորենք ուկրաինական փորձից։ Մենք քննարկում ենք էներգետիկայի ոլորտում համագործակցության ցանկացած հնարավորություն թե Իրանի, թե Վրաստանի, թե Ռուսաստանի, թե ԵՄ-ի հետ»։
Ինչ վերաբերում է հարցին, թե հնարավո՞ր է, որ ներկա սերունդը միայն մեկ ազգային առաջնորդի ընդունի՝ ի դեմս Փաշինյանի, արդյունքում վերջինն անընդմեջ ընտրվի, վարչապետն ասել է. «Եթե ինձ կընտրեն ազատ ու ժողովրդավար ընտրությունների միջոցով, ապա դա նորմալ է։ Բայց եթե Հայաստանում ավտորիտար կամ բռնապետական երկիր դառնալու վտանգ առաջանա, դրա համար որևէ շանս չկա։ Ժողովրդավարությունը բխում է մեր ազգային ու ժողովրդի շահերից»։
Լրահոս
Տեսանյութեր
«Ձեր սիրելի Ալիևը «Նոլդու Փաշինյան» երգը միացրած Արցախով պտտվում է». Բագրատ Սրբազանը՝ իշխանությանը