Շուտով կձևավորվի Հայաստան-Ղազախստան բարեկամական խումբը
ԱԺ նախագահի տեղակալ Ալեն Սիմոնյանը ընդունել է Հայաստանում Ղազախստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Թիմուր Ուրազաևին:
ԱԺ լրատվության և հանրության հետ կապերի վարչության փոխանցմամբ, Ալեն Սիմոնյանը կարևորել է երկու երկրների միջև հարաբերությունների առավել զարգացումն ու միջխորհրդարանական կապերի խորացումը:
Այս համատեքստում ԱԺ փոխխոսնակը տեղեկացրել է, որ շուտով կձևավորվի Հայաստան-Ղազախստան բարեկամական խումբը, որն ակտիվ դերակատարություն կունենա փոխադարձ կապերի ընդլայնման գործում:
ԱԺ նախագահի տեղակալն անդրադարձել է միջխորհրդարանական կառույցներում պատվիրակությունների համագործակցված աշխատանքին, այս հարցում կարևորել երկկողմ հետաքրքրություն ունեցող խնդիրներում միմյանց աջակցելը:
Անդրադարձ է կատարվել նաև ԼՂ հիմնախնդրի կարգավորմանը: Ալեն Սիմոնյանը, անընդունելի համարելով մեր հարևան պետության կողմից խաղաղության հաստատմանը խոչընդոտող կոչերը և ռազմատենչ հռետորաբանությունը, ընդգծել է, որ հակամարտության խաղաղ կարգավորմանն այլընտրանք չի կարող լինել: Դեսպանն իր հերթին կարևորել է հակամարտությունների խաղաղ կարգավորումը: