![](https://panorama.am/news_images/699/2095513_1/3.thumb.jpg)
«Fashion Trust Arabia»-ում հաղթել է լիբանանահայ դիզայները
Նախորդ շաբաթ Քաթարի մայրաքաղաք Դոհայում կայացել է «Fashion Trust Arabia» ոչ կոմերցիոն մրցույթը, որի նպատակն է աջակցել Մերձավոր Արևելքի և Հյուսիսային Աֆրիկայի մոդելագործներին: Մրցույթը կայացել է 5 անվանակարգերով: «Լավագույն երեկոյան զգեստ» անվանակարգում հաղթող է ճանաչվել լիբանանահայ դիզայներ Գրիգոր Ջաբոտյանը:
«Ես իմ երախտագիտությունն եմ հայտնում այս անհավանական նախաձեռնության համար, մենք շատ երախտապարտ ենք, որ ստացել ենք այս մրցանակը»,- ֆեյսբուքյան էջում գրել է Գրիգոր Ջաբոտյանը:
Նա շնորհակալություն է հայտնել բոլոր կազմակերպիչներին և երեկոյին մասնակից դիզայներներին:
Հայերն այսօր»-ի փոխանցմամբ, երեկոյին ներկա են եղել Նաոմի Քեմբլը, Ալեքսանդրա Ամբրոսսիոն և Նատալիա Վոդյանովան, իսկ դիզայներներ Վիտորիա Բեքհեմը և Պիերպաոլո Պիչչոլին ընդգրկված են եղել ժյուրիի կազմում:
Գրիգոր Ջաբոտյանը ծնվել է Բեյրութում: Նրա նախնիները Սիսից են և քաղաքում բարձրակարգ ոսկերիչների համբավ են ունեցել: Հայոց ցեղասպանությունից փրկվելով՝ նրանք հաստատվել են Լիբանանում և ընտանեկան ավանդույթները շարունակել արդեն Բեյրութում:
Գրիգոր Ջաբոտյանը, որը դեռ մանկուց սեր է ունեցել արվեստի նկատմամբ, իր քայլերը դեպի համաշխարհային նորաձևություն սկսել է Բեյրութի Արվեստի և նորաձևության հմտությունների ավագ դպրոցից (l’Ecole Superieure des Arts et techniques de la Mode in Beirut)՝ ուսումնասիրելով դիզայնի և արվեստի հիմունքներ: Այն ավարտելուց հետո երիտասարդ ու տաղանդավոր մասնագետին աշխատանքի առաջարկ է անում հայտնի մոդելավորող Էլի Սաաբը: Ձեռք բերելով հմտություններ՝ Գրիգորը ձեռնամուխ է լինում իր սեփական ապրանքանիշը ստեղծելուն: Նրա հավաքածուների մեջ տեղ են գրավում հատկապես նրբաճաշակ երեկոյան և հարսանեկան զգեստները:
Լրահոս
Տեսանյութեր
![ԱՆԻՖ-ի գործով Ավինյանը Քերոբյանի հայտարարությունը սուտ որակեց](https://panorama.am/video_images/17/50276_1/f66a0f86157c73_66a0f86157cb2.png)
![Կոնկրետ թիրախավորված է Գերասիմ Վարդանյանը. Փաստաբան](https://panorama.am/video_images/17/50265_1/f669fa592e5df9_669fa592e5e49.jpg)