Նիկոլ Փաշինյան. Մենք Ադրբեջանին առաջարկում ենք խաղաղության, այլ ոչ թե պատերազմի օրակարգ
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հարցազրույց է տվել Независимая газета-ին՝ խոսելով հայ-ռուսական հարաբերությունների, Սիրիա հումանիտար խումբ ուղարկելու, Ղարաբաղի հարցի, ներդրումների մասին։
Հարցին, թե Հայաստանում տեղի ունեցած հեղափոխությունից հետո Ադրբեջանում ուրախացել էին, որ հնարավոր է ղարաբաղյան հակամարտության լուծում, այնինչ այժմ խոսում են, որ Փաշինյանը ժամանակ է ձգում՝ մեկ պահանջելով Ղարաբաղը վերադարձնել բանակցային սեղան, մեկ այլ բան, Փաշինյանն ասել է, թե արդյոք ինչ-որ մեկը կարծում է, որ Լեռնային Ղարաբաղի հարցը կարող է լուծվել մեկ օրում, մեկ շաբաթվա ընթացքում, կամ նույնիսկ մեկ տարում:
«Եթե ինչ-որ մեկը այդպես է մտածում, ուրեմն նա չունի իրական պատկերացում Լեռնային Ղարաբաղի հարցի վերաբերյալ: Մարտի 12-ին Լեռնային Ղարաբաղի և Հայաստանի Հանրապետության Անվտանգության խորհրդի համատեղ նիստում ես ասացի, որ մենք Ադրբեջանին առաջարկում ենք խաղաղության օրակարգ, այլ ոչ թե պատերազմի: Մենք պետք է միասին աշխատենք այդ խնդրի լուծման համար: Եթե մենք միասին չաշխատենք, ապա երբեք չի լինի լուծում, նույնիսկ ռազմական ճանապարհով, որովհետև ռազմական ճանապարհով խնդիրը հնարավոր չէ լուծել, մենք կարող ենք միայն խորացնել իրավիճակը: Ինչ-որ մեկը կարծում է, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը հնարավոր է լուծել առանց Լեռնային Ղարաբաղի մասնակցությա՞ն: Օրակարգը, որը ես առաջարկում եմ, բավականին անսպասելի է ոչ միայն Ադրբեջանի, այլև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների համար: Ժամանակ է պահանջվում, որպեսզի աշխատանքային մթնոլորտում մանրամասն քննարկենք բոլոր նրբությունները: Կարծում եմ, որ այս տարվա ընթացքում ինչպես Ադրբեջանի իշխանությունները, այնպես էլ Մինսկի խմբի համանախագահները համոզվեցին, որ մենք իսկապես ցանկանում ենք լուծել այս հակամարտությունը, իսկապես ուզում ենք հասնել խաղաղ համաձայնության, մեր բոլոր առաջարկները ժամանակի ձգում չեն, այլ նրա համար, որ լուծենք խնդիրը, դրա համար հստակ քայլեր ձեռնարկենք։ Մենք պետք է նախապատրաստենք մեր հասարակություններին խաղաղություն, ոչ թե պատերազմի: Ես չեմ հոգնի կրկնել, որ Լեռնային Ղարաբաղի խնդրի լուծումը պետք է ընդունելի լինի հայ ժողովրդի, Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ու Ադրբեջանի ժողովրդի համար: Ցավոք, ադրբեջանական կողմից մենք նման հայտարարություն դեռևս չենք լսել: Երբ Բաքվում կհայտարարեն, որ խնդրի լուծումը պետք ընդունելի լինի ինչպես ադրբեջանական, այնպես էլ հայ ժողովրդի համար, ապա կարելի կլինի խոսել բանակցային գործընթացում առաջխաղացման մասին»,-ասել է Փաշինյանը:
Հարցին, որ յուրաքանչյուր հակամարտության լուծում փոխզիջումներ է պահանջում և որքան զիջումների կարող է գնալ Հայաստանը, Նիկոլ Փաշինյանն ասել է, որ սխալ է, այս հարցը տալ կողմերից միայն մեկին: Կարևոր է, որ գործընթացը լինի կառուցողական:
«Անհրաժեշտ է, որ բոլոր կողմերն այս հարցին միաժամանակ պատասխանեն: Եվ ես պատրաստ եմ այս հարցին համաժամանակյա պատասխանել Ադրբեջանի ու Լեռնային Ղարաբաղի հետ: Բայց երբ Ադրբեջանը հանդես է գալիս ռազմատենչ դիրքերից, հայկական կողմի զիջումների ու փոխզիջումների պատրաստակամության մասին հայտարարությունները կարող են մեկնաբանվել որպես թուլություն: Ես միշտ ասել եմ, որ պետք չէ մեզվախեցնել պատերազմով: Մեզ ոչ մի բանով չեն վախեցնի, քանի որ մենք մեզ վստահ ենք զգում։ Այժմ հայկական հասարակությունը վերածնունդի մեջ է բոլոր առումներով: Մենք առաջարկում ենք խոսել խաղաղության, այլ ոչ թե պատերազմ մասին»,-ասել է Փաշինյանը:
Լրահոս
Տեսանյութեր
«Հավերժի ճամփորդներ». Զոհված տղաների պատմություններն ու երազանքները՝ առցանց ցուցադրությամբ