Եվրոպայի խորհուրդը կշարունակի աջակցել Հայաստանում իրականացվող ժողովրդավարության ամրապնդմանն ուղղված քայլերին. Վուտովա
Հայաստանը կարևորում է փոխգործակցությունը Եվրոպայի խորհրդի հետ՝ ընդգծելով, որ Երևանում ԵԽ գրասենյակի հետ համագործակցությունը լավ հիմքերի վրա է դրված: Այս մասին նշել է ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը՝ այսօր Երևանում Եվրոպայի խորհրդի գրասենյակի ղեկավար Նատալյա Վուտովայի հետ հանդիպմանը։
«Մեզ համար չափազանց կարևոր են թավշյա հեղափոխության վերաբերյալ ԵԽ-ի դրական գնահատականները: Ուրախալի է լսել հայտարարություններ այն մասին, որ Եվրոպայի խորհուրդը պատրաստակամ է բարեփոխումների այս ճանապարհն անցնել հայ ժողովրդի հետ»,- ԱԺ լրատվության և հանրության հետ կապերի վարչության փոխանցմամբ՝ նշել է Միրզոյանը։
Զրուցակիցները քննարկել են Հայաստանի և Եվրոպայի խորհրդի միջև համագործակցության զարգացման հեռանկարները, անդրադարձել Հայաստան-ԵԽ գործընկերության 2019-2022 թթ. գործողությունների ծրագրի շրջանակում իրականացվող միջոցառումներին: Օրենսդիր մարմնի ղեկավարը հավաստիացրել է, որ կարվեն անհրաժեշտ բոլոր քայլերը գործողությունների ծրագրի ամբողջական իրականացման ուղղությամբ:
Արարատ Միրզոյանը Նատալյա Վուտովային հրավիրել է մասնակցելու մայիսի 24-ին կայանալիք «Անցումային արդարադատության գործիքների կիրառման հեռանկարները Հայաստանում» խորագրով խորհրդարանական լսումներին:
Երևանում Եվրոպայի խորհրդի գրասենյակի ղեկավարն ընդգծել է ԵԽ-ի հետ Հայաստանի արդյունավետ համագործակցությունը՝ նշելով, որ Եվրոպայի խորհուրդը կշարունակի աջակցել մեր երկրում իրականացվող բարեփոխումներին ու ժողովրդավարության ամրապնդմանն ուղղված քայլերին: Հյուրն անդրադարձել է Քրեական և Քրեական դատավարության, Վարչական իրավախախտումների օրենսգրքերում և մի շարք այլ օրենքներում փոփոխությունների անհրաժեշտությանը և այդ բարեփոխումների գործընթացում ընդգծել խորհրդարանի առանցքային դերակատարությունը: Այս համատեքստում նա կարևորել է Հայաստանի կողմից Ստամբուլի և Լանցառոտի կոնվենցիաների վավերացումը: Բացի այդ, Նատալյա Վուտովան Ազգային ժողովի նախագահին է փոխանցել ԵԽ հանձնառությունը` փորձագիտական աջակցություն ցուցաբերել անցումային արդարադատության իրականացմանն ուղղված քայլերին:
Կողմերը համաձայնել են նաև, որ տարբեր ոլորտների օրենսդրության կատարելագործման ուղղությամբ ծրագրավորվող և ընթացքի մեջ գտնվող բարեփոխումների հաջող իրականացման հարցում կարևոր նշանակություն ունեն հանրության իրազեկվածության բարձրացմանն ուղղված միջոցառումները: