Եվրոպայի խորհրդի բարձր մակարդակի պատվիրակություն է ժամանում Հայաստան
Եվրախորհրդի գլխավոր քարտուղար Թորբյորն Յագլանդի և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի միջև վերջերս կայացած հեռախոսազրույցի քննարկման ժամանակ որոշում էր կայացվել Հայաստան ուղարկել ԵԽ-ի բարձր մակարդակի պատվիրակությունը, որը կլինի Երևանում մայիսի 30-31-ին: Այս մասին հայտնում են ԵԽ-ից։
Պատվիրակության կազմում են Եվրոպայի խորհրդի Մարդու իրավունքների և օրենքի գերակայության գլխավոր տնօրինության , Վենետիկի հանձնաժողովի, ԳՐԵԿՈ հակակոռուպցիոն խմբի, Եվրոպական դատավորների խորհրդատվական խորհրդի ու Արդարադատության արդյունավետության հանձնաժողովի (CEPEJ) ներկայացուցիչներից, ինչպես նաև Եվրախորհրդի քաղաքական հարցերով տնօրինության ներկայացուցիչներից:
Այցի օրակարգում են հանդիպումներ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանի, արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանի, ինչպես նաեւ երկրի բարձրագույն դատական իշխանությունների հետ:
Քննարկվելու են Հայաստանում բարեփոխումների գործընթացը՝ ներառյալ կոռուպցիայի դեմ պայքարը, մարդու իրավունքների պաշտպանությունը և դատական համակարգի բարեփոխումները:
Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց էր ունեցել ԵԽ գլխավոր քարտուղար Թորբյորն Յագլանդի հետ՝ Հայաստանում դատարանների աշխատանքը կաթվածահար անելու վարչապետի կոչից հետո։ Զրուցակիցները համաձայնել էին, որ կոռուպցիայի դեմ պայքարը և դատական համակարգի բարեփոխումները պետք է համապատասխանեն Սահմանադրությանը, միջազգային չափանիշներին և որպես Եվրախորհրդի անդամ պետություն՝ Հայաստանի ստանձնած պարտավորություններին:
Լրահոս
Տեսանյութեր
Մի կողմում հայ ժողովուրդն է, մյուս կողմում թշնամին և մեր իշխանությունը միասին. Դավիթ Անանյան