Ճապոնիայի վարչապետը պատմական այց կկատարի Իրան
Հաջորդ շաբաթ Ճապոնիայի վարչապետ Շինզո Աբեն մտադիր է այցելել Իրան։ Սա կլինի Ճապոնացի վարչապետի առաջին այցը վերջին 4 տասնամյակում։ Տոկիոն հույս ունի միջնորդ հանդիսանալ Վաշինգտոնի ու Թեհրանի միջև: Այս մասին գրում է Rudaw-ը։
Իշխանության ներկայացուցիչը AFP-ին ասել է, որ Տոկիոն «դեռեւս այցի մանրամասներն է կազմակերպում, այդ թվում նաև այն, թե Իրանում ում հետ է հանդիպելու վարչապետը»։ Սակայն տեղական ԶԼՄ-ները հայտնում են, որ Աբեն բանակցություններ կվարի Իրանի բարձրագույն հոգևոր առաջնորդ Այաթոլլա Ալի Խամենեիի ու նախագահ Հասան Ռուհանիի հետ:
Տեղական «Kyodo» լրատվական գործակալությունը հաղորդել է, որ սա վերջին 41 տարիներին լինելու է Ճապոնիայի վարչապետի առաջին այցն Իրան:
Հաղորդվում է, որ, քանի որ Իրանի ու Ճապոնիայի առանցքային դաշնակից ԱՄՆ-ի միջև լարվածությունն աճում է, Ճապոնիան ցանկանում է որպես միջնորդ ուղւ բանակցություններ վարել Իրանի ղեկավարների հետ։
Հիշեցնենք, որ մայիսի վերջին, երբ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը պետական այցով Տոկիոյում էր, հայտարարել էր, որ Թեհրանի հետ բանակցությունների համար բաց է՝ դրանով իսկ կանաչ լույս վառելով Աբեի պլանների համար: