Ռազմատենչ հռետորությունը խարխլում է նաև տարածաշրջանի անվտանգության և կայունության հիմքերը. Միրզոյան
«Միջխորհրդարանական համագործակցության շրջանակում միջազգային և տարածաշրջանային անվտանգության ամրապնդման նպատակով մեր ջանքերը պետք է ուղղված լինեն անվտանգության մարտահրավերներին և սպառնալիքներին հակազդող օրենսդրության ձևավորմանը, խորհրդարանական համագործակցության ակտիվացմանը, տարածաշրջանային խորհրդարանական կառույցների ամրապնդմանը և այլ միջազգային կազմակերպությունների հետ փոխգործակցության ընդլայնմանը»,- այս մասին նշել է ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը՝ «Պառլամենտարիզմի զարգացում» երկրորդ միջազգային համաժողովի բացման ժամանակ իր ելույթի խոսքում։
Նրա խոսքով՝ միջազգային խորհրդարանական կազմակերպություններն ընդհանուր առմամբ միասնական օրակարգի առաջխաղացման և համատեղ որոշումների մշակման արդյունավետ հարթակներից մեկն են:
«Օգտագործելով այս հնարավորությունը՝ բոլոր հայ խորհրդարանականների անունից ուրախությամբ ուզում եմ ընդգծել այն փաստը, որ ռուսական պատվիրակությունը վերսկսել է իր աշխատանքը Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովում: Վստահ եմ, որ մեր պատվիրակությունների արդյունավետ և լավ համակարգված աշխատանքը կտա իր պտուղները:
Մենք դեմ ենք հակամարտությունները ռազմական ճանապարհով լուծելու փորձերին և ողջունում ենք այն նախաձեռնությունները, որոնք նպատակաուղղված են կայուն խաղաղության հաստատմանը: Այս կապակցությամբ ընդգծեմ, որ մենք շարունակում ենք հանդես գալ Լեռնային Ղարաբաղի հակամարտության բացառապես խաղաղ կարգավորման օգտին` ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների միջնորդական ջանքերի պարագայում` հիմնված միջազգային իրավունքի սկզբունքների և նորմերի, ՄԱԿ-ի կանոնադրության վրա: Խնդրի կարգավորումը պետք է հիմնված լինի Արցախի ժողովրդի անվտանգ և ազատ ապրելու անվիճելի իրավունքի հարգման վրա:
Ցավոք, ռազմատենչ հռետորությունը և ռազմական գործողությունները վերսկսելու վտանգը խարխլում են նաև տարածաշրջանի անվտանգության և կայունության հիմքերը, ինչը հակասում է խաղաղ կարգավորման գործընթացին՝ դարձնելով ժողովուրդների խաղաղ գոյակցության հեռանկարներն ավելի դժվար հասանելի: Եվ այստեղ մենք կոչված ենք առաջատար դեր կատարել միջխորհրդարանական դիվանագիտության ոլորտում` խոսելով քաղաքացիների անունից և նրանց շահերի մասին»։
Միրզոյանի ամբողջական ելույթը՝ ԱԺ պաշտոնական կայքում։