Արտակ Դավթյանը՝ ԶՈւ-ն սպառազինության նոր միջոցներով համալրելու մասին
Ռազմատեխնիկայի համալրման գործընթացը միջոցառումների շարք է, որ մշտապես կատարելագործվելու է։ Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանը պատասխանելով հարցին, թե տեխնիկական ի՞նչ միջոցներով են հագեցնում սահմանը, արդյոք դրանք բավարար են սահմանային հսկողության համար։
Նրա խոսքով՝ նախկին տեսախցիկների մեծ մասից հրաժարվել են, քանի որ կան ավելի լավ տեսախցիկներ։
«Մեր պահանջները մշտապես փոխվում են, բացի օպտիկաէլեկտրոնային սարքավորումներից հիմա զարգացնում ենք ռադիոլոկացիոն ցանցը։ Գործընթացը մշտապես զարգացման մեջ է»,- ասաց Արտակ Դավթյանը։
Նա նշեց նաև, որ այն ժամկետային զինծառայողները, որոնք ունեն կրթություն և կարողություններ բարդ տեխնիկայով աշխատելու, նրանց ընդգրկում են տվյալ միջոցների շահագործման և սպասարկման մեջ։
Ինչ վերաբերում է նոր սպառազինություններին, Արտակ Դավթյանն ասաց, որ և այս տարի, և հաջորդ տարվա ընթացքում, պայմանագրերի հիման վրա սկսվել է և շարունակվելու է բավականին շատ սպառազինության ռազմատեխնիկայի ներկրում։
«Ռազմական տեխնիկան վերաբերում է հակաօդային, հակահրթիռային պաշտպանությանը, հեռահար խոցման, ճշգրիտ խոցման միջոցներին, ինչպես նաև ավելացնելու ենք հետախուզության կրակային հզորությունները մեր զինված ուժերում»,- ընդգծեց նա։