Մանկապարտեզների վերանորոգման համար նախատեսված 91 մլն-ը կուղղվի աղբահանությանը
Երևանի ավագանու արտահերթ նիստի օրակարագի հարցերից մեկը վերաբերում է «Աղբահանություն և սանիտարական մաքրում» ծրագրով նախատեսված գումարներն ավելացնել ավելի քան 1.7 մլն դրամով։
Նախագիծը ներկայացրեց փոխքաղաքապետ Հայկ Սարգսյանը։ Նա ասաց այդ գումարից՝ տրանսպորտային սարքավորումներ հոդվածով նախատեսված է 1.6 մլն դրամի ավելացում` կապված Երևան քաղաքում աղբահանության, սանիտարական մաքրման և ձմռան ամիսներին ձնմաքրման աշխատանքները պատշաճ և արդյունավետ իրականացնելու և մաքուր Երևան ունենալու համար թվով 5 սանիտարական մաքրման մեքենա, 11 բազմաֆունկցիոնալ կոմունալ ճանապարհային մեքենա (անիվային ֆորմուլա 6x4), 10 բազմաֆունկցիոնալ կոմունալ ճանապարհային մեքենա (անիվային ֆորմուլա 4x4), 22 մայթերի ձնահավաք մեքենա, 10 աղբատար մեքենա հետևի բարձմամբ և 3 կոնտեյներների լվացման մեքենաների ձեռքբերման համար:
Այլ մեքենաներ և սարքավորումներ հոդվածով՝ 1.55 մլն դրամի ավելացում` կապված Երևան քաղաքում արդեն հնամաշ, այրված, ջարդված և շարքից դուրս եկած կոնտեյներները նոր կոնտեյներներով փոխարինելու և դրանց քանակը ավելացնելու նպատակով թվով 1000 նոր կենցաղային թափոնների կոնտեյներների ձեռքբերման համար:
Նախագծով առաջարկվում է «Նախադպրոցական հաստատությունների հիմնանորոգում և վերանորոգում» ծրագիրը նվազեցնել 91 մլն դրամով:
«Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Միքայել Մանրիկյանը հետաքրքրվեց, ինչո՞ւ պետք է այդ գումարը կրճատել հենց մանկապարտեզներից, հնարավո՞ր չէր դա անել օրինակ պարգևավճարներից, գործուղումներից ու այլ տեղերից։
«Ինչո՞ւ պետք է կրճատում անել հենց մեր երեխաներից»,-հարցրեց նա։
Նիստը վարող քաղաքապետի տեղակալ Հրաչյա Սարգսյանն էլ ասաց, որ նախագծողների լիցենզավորման կարգում տեղի ունեցած փոփոխությունների հետևանքով անցած տարվա նոյեմբերից սկսած չեն կարողացել նախագծման մրցույթ հայտարարել, դա արել են այս տարվա փետրվար-մարտ ամիսներին։ Այս պահին պատրաստ են 21 մանկապարտեզի նախագծա-նախահաշվային փաստաթղթեր, դրանից հետո շինարարության համար մրցույթ կհայտարարվի։
«Այս պատճառով մենք կանխատեսում ենք, որ մինչև դեկտեմբեր չենք կարողանա այդ մանկապարտեզների վերանորոգումն ամբողջությամբ իրականացնել։ Այս տարվա ընթացքում կվերանորոգվի 6 մանկապարտեզ։ Հաջորդ տարի արդեն գարնանը մենք հնարավորություն կունենանք սկսել շինարարական աշխատանքները, բացի այդ 91 մլն դրամով հնարավոր չէ 21 մանկապարտեզ վերանորոգել»,-ասաց նա։