Իտալիայում կառավարության հրաժարականը հանգեցրել է քաղաքական ճգնաժամի
Իտալիայի նախագահ Սերջիո Մատարելան ընդունել է վարչապետ Ջուզեպպե Կոնտեի հրաժարականը՝ հանձնարարելով նրան շարունակել կատարել պարտականությունները, մինչև նոր կաբինետի ձևավորումը: Խորհրդարանական կուսակցությունների խորհրդակցությունները նոր կոալիցիայի կամ արտահերթ ընտրությունների վերաբերյալ կսկսվեն այսօրվանից։ Այս մասին գրում է euronews-ը։
Կոնտեն հրաժարական տալու որոշման մասին հայտարարել է Սենատի նիստում՝ մեղադրելով «Լիգա» կուսակցության առաջնորդին, փոխվարչապետ և ներքին գործերի նախարար Մատեո Սալվինիին ՝ քաղաքական ճգնաժամ ստեղծելու մեջ:
«Թեև պարզ է, թե ով է կոնկրետ պատասխանատու կառավարական ճգնաժամի համար, բայց եթե նրանք չունեն քաջություն, քաղաքական համարձակություն, վերցնելու այն իրենց վրա, ապա ես դա կանեմ»,-ասել է Կոնտեն։
Մատեո Սալվինին իր հերթին, որը արտահերթ խորհրդարանական ընտրությունների դեպքում հույս ունի գրանցել լավ արդյունք, հայտարարել է, որ ոչ մի բանի մասին չի զղջում։
«Մենք չենք վախենում, մենք ունենք մաքուր խիղճ, պատիվ և քաջություն: Արժանապատվությունը հազարավոր մանդատներից ավելի կարևոր է, բայց եթե նրանք կարծում են, որ ես մի կողմ կքաշվեմ ու կբացեմ նավահանգիստները (միգրանտների համար), ապա ոչ»,-ասել է Սալվինին։
Ջուզեպպե Կոնտեի կոալիցիոն կաբինետը կազմավորվել էր 2018 թվականի հունիսի 1-ին ՝ միավորելով նախարարներին «Հինգ աստղ» շարժումից և «Լիգայից»:
Հարակից հրապարակումներ`
- Իտալիայի խորհրդարանն այսօր վարչապետ Կոնտեի կառավարությանը վստահության հարցով քվեարկություն կանցկացնի
- Մատեո Սալվինին հերքում է Պուտինի կողմից իր ընտրարշավի հովանավորումը