Հայաստանն ու Եվրամիությունը համագործակցության հագեցած օրակարգ ունեն
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, ԵՄ դեսպան Անդրեա Վիկտորինին: Այս մասին տեղեկացնում է ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:
Ողջունելով ԵՄ դեսպանին՝ վարչապետ Փաշինյանը նշել է. «Հայաստանի համար այս կարևոր բարեփոխումների ժամանակաշրջանում Եվրոպական միության հետ համագործակցությունը էական նշանակություն ունի. հեղափոխությունից հետո ԵՄ-ն մեր ժողովրդավարական օրակարգի կարևորագույն գործընկերներից է, և Ձեր նշանակումը մենք դիտարկում ենք Հայաստան-ԵՄ համագործակցության հետագա սերտացման համատեքստում: Արդյունավետ ենք համարում ԵՄ հետ քաղաքական երկխոսությունը և պատրաստ ենք համատեղ ակտիվ աշխատել՝ առավել արդյունավետ դարձնելու մեր գործընկերությունը»: Խոսելով Հայաստանի ժողովրդավարական բարեփոխումների օրակարգի մասին՝ վարչապետն անդրադարձել է դատաիրավական ոլորտին, ընտրական համակարգին, հակակոռուպցիոն քաղաքականությանը, ինչպես նաև տնտեսական զարգացմանը միտված ծրագրերին:
«Մեծ պատիվ է նշանակվել Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավարի պաշտոնում և հնարավորություն ունենալ նպաստ բերել Հայաստան-Եվրամիություն հարաբերությունների զարգացմանը: ԵՄ-ն վերահաստատում է իր շարունակական աջակցությունը Ձեր ժողովրդավարական բարեփոխումների օրակարգին, որոնք միտված են Հայաստանի զարգացմանը՝ հիմնված օրենքի գերակայության և մեր ընդհանուր արժեքների վրա», - իր խոսքում նշել է Անդրեա Վիկտորինը՝ հավելելով, որ տպավորված է Հայաստանում տարբեր բնագավառներում իրականացվող փոփոխություններով: Նա հավաստիացրել է, որ Եվրամիությունը շարունակելու է օժանդակել Հայաստանին ժողովրդավարության հզորացման գործում՝ վարչապետի նշած ոլորտներում, ինչպես նաև հարստացնել ՀՀ-ԵՄ գործընկերությունը փոխշահավետ նոր ծրագրերով ու նախաձեռնություններով: