Ծխելն արգելող օրենքին կարո՞ղ է մարիխուանայի օրինականացումը հաջորդել. Պատգամավոր
«Հայաստանում ծխախոտի օգտագործման հետևանքով առաջացած հիվանդություններն ու մահացությունները բարձր ցուցանիշ են գրանցում։ Դրանք լուրջ առողջապահական, տնտեսական և սոցիալական խնդիրներ են ստեղծում»,- այս մասին այսօր «Ծխախոտային արտադրատեսակների և դրանց փոխարինիչների օգտագործման հետևանքով առողջությանը հասցվող վնասի նվազեցման և կանխարգելման մասին» և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթի քննարկման ժամանակ նշեց Առողջապահության նախարարի տեղակալ Լենա Նանուշյանը։
Նանուշյանի խոսքով, 2016-2017 թթ. տվյալների համաձայն՝ ՀՀ բնակչության 28%-ը ծխում է. «Ներկայում ծխում է չափահաս տղամարդկանց 52%-ը, իսկ կանանց ՝ 2-3%-ը։ Հարցվածների կեսից ավելին նշել է, որ ծխախոտի երկրորդային ծխի ազդեցությանը ենթարկվել է տանը, իսկ կանանց 21%-ը և տղամարդկանց 32%-ը՝ աշխատավայրում։ Արձանագրվել է նաև, որ հղի կանանց 70%-ը ամեն օր ենթարկվում է երկրորդային ծխի ազդեցության։ Բացի այդ, Հայաստանը բնութագրվում է ոչ վարակիչ հիվանդությունների բարձր տոկոսով, իսկ վաղաժամ մահերի առումով «առաջատար» դերում է։ ՀՀ-ում ոչ վարակիչ հիվանդություններից մահերի բեռը կազմում է 80%, և այս հիվանդությունների ռիսկերից մեկը հանդիսանում է հենց ծխախոտը։ Բացի այդ ՄԱԿ և ԱՀԿ տվյալներով՝ Հայաստանի տնտեսական կորուստները հասնում են տարեկան 362,7 մլրդ դրամի, ինչը հավասար է երկրի 2017 թվականի ՀՆԱ 6,5 տոկոսին»։
Նշենք, որ ըստ օրինագծի փակ և հանրային վայրերում, բժշկական կենտրոններում, դպրոցներում և դրանց հարակից տարածքներում, մանկապարտեզներում, հասարակական տրանսպորտի կանգառների ծածկերի տակ և հանրային տրանսպորտում արգելվելու է ծխախոտի օգտագործումը։
ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանի խոսքով, միանշանակ պետք է ծխելը կատեգորիկ արգելել. «Ես կուզեի, որ դուք ներկայացնեք ծխելու և թոքի քաղցկեղի սիմետրիկ աճը»։
Ներկայացնելով վիճակագրական տվյալներ՝ առողջապահության փոխնախարարը նշեց. «Եթե 2011 թվականին բրոնխների, շնչափողի և թոքի քաղցկեղի 1100 դեպք է գրանցվել, ապա 2017 թվականին արդեն գրանցվել է 1900 դեպք»։
Նաիրա Զոհրաբյանը նշեց, որ նաև պետք է քարոզչություն իրականացվի ծխախոտի փոխարինիչների բացասական հետևանքների մասին։
«Վերջերս կարդացի, որ դրանք շատ ավելի վտանգավոր են, քանի որ տաքության ազդեցության տակ դրանց ներսի պլաստմասան որ տաքանում է, ուղղակի քաղցկեղածին նյութեր է արտադրում։ Եվ բնականաբար նարգիլեն, որ ուղղակի թոքախտի բուն է»,- նշեց Նաիրա Զոհրաբյանը։
Արձագանքելով Նաիրա Զոհրաբյանի դիտարկմանը՝ Նանուշյանը նշեց, որ օրենքը տարածվելու է բոլոր տեսակի ծխախոտային արտադրանքների վրա։
ԱԺ ԼՀԿ խմբակցության պատգամավոր Գուրգեն Բաղդասարյանն էլ հարց հնչեցրեց՝ ծխելն արգելող օրենքին կարո՞ղ է մարիխուանայի օրինականացումը հաջորդել։
«Այս օրենքը որ երկրներում ընդունվում է, այդ երկրներում հետո գալիս է օրենք մարիխուանայի օրինականացման և շաքարի փոխարինման գաղափարները։ Մտավախություն չկա՞, որ մի որոշ ժամանակ հետո այդ օրենքներն էլ են գալու այստեղ»,- նշեց Բաղդասարյանը։