Մերկելի իրավահաջորդը հրաժարական է տվել. չի առաջադրվի կանցլերի թեկնածու
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի Քրիստոնեա-դեմոկրատական միություն (ՔԴՄ) կուսակցության ղեկավար Աննեգրետ Կրամպ-Կարրենբաուերը չի մասնակցի հաջորդ տարի կայանալիք կանցլերի ընտրություններին։
Կրամպ-Կարրենբաուերն այսօր զարմացրել է կուսակցության ղեկավարությանը՝ հայտարարելով, որ ինքը չի առաջադրվի կանցլերի պաշտոնում, և որ հեռանում է կուսակցության ղեկավարի պաշտոնից:
Ինչպես գրում է Deutsche Welle-ն, Մերկելը ցանկանում է, որ Կրամպ-Կարրենբաուերը մնա Գերմանիայի պաշտպանության նախարար:
57-ամյա Կրամպ-Կարրենբաուերին Մերկելն ընտրել էր որպես իր իրավահաջորդ, որը պետք է մասնակցեր ընտրություններին՝ 2018թ.-ին ընտրվելով կուսակցության ղեկավար։
Այդ ժամանակվանից ի վեր, Կրամպ-Կարրենբաուերը հայտնվել է մի շարք սկանդալներում, որոնցից վերջինը նախորդ շաբաթ Տուրինգիայի նահանգի օրենսդիր մարմնում տեղի ունեցած քվեարկությունն էր, որի ժամանակ ՔԴՄ-ն և ծայրահեղ աջ կուսակցությունն աջակցում էին կենտրոնամետ թեկնածուին։