Հայաստանցի գործարարները Վրաստանի պատճառով չեն կարողանում իրանական բանջարեղենն ու միրգը Ռուսաստան հասցնել
Մի քանի տասնյակ ֆուրեր արդեն մի քանի օր է՝ մնացել են հայ-վրացական սահմանին։ Վրաստանը թույլ չի տալիս Իրանից ներկրված պտուղ-բանջարեղենով բեռնված հայկական մեքենաները, որոնց ղեկին հայ վարորդներ են, մուտք գործեն իր երկրի տարածք։
Panorama.am-ի հետ զրույցում գործարար Վահրամ Միրաքյանը հայտնեց, վրացական կողմն իր այդ քայլը պատճառաբանում է Իրանում կորոնովիրուսի առկայությամբ։
«Բայց այդ հիմնավորումն աբսուրդ ու ոչ արժանահավատ եմ համարում մի քանի պատճառով, նախ գիտական, ԱՀԿ-ն ասում է՝ կարծր մակերեսներին վիրուսը մնում է 48 ժամ։ Հետո Երևան չհասած՝ Արարատի մարզում իրանական բոլոր բեռները տեղափոխվում են հայկական մեքենաների մեջ, վարորդը փոխվում է, հայ է նստում ղեկին։ Այսինքն, տվյալ մեքենայի մեջ մենակ ապրանքն է իրանական, ուրիշ ոչ մի բան»,- մանրամասնեց գործարարը։
Նա ընդգծեց, բացի այդ բոլոր մեքենաների ապրանքն ուղարկվում է Ռուսաստան, որևէ մեկը վրացական շուկայում սպառման համար չէ։
Միրաքյանը կարողացել է վերջին անգամ իրանական բանջարեղեն՝ ավելի հստակ ծաղկակաղամբ ռուսական շուկա ուղարկել անցած շաբաթվա կեսերին։ Կիվիով բեռնված ֆուրը մնացել է Երևանում։
Վրացական կողմի պահվածքի պատճառով, ըստ գործարարի, մոտ օրերս Հայաստանի տնտեսությունը հնարավոր է ամենամեծ հարվածը ստանա: Եթե Իրանից ներմուծված ապրանքը վերադարձվի ու տնտեսվարողները ստիպված լինեն այն վաճառել այստեղ, ապա, ըստ գործարարի, հայաստանյան շուկան կպայթի, քանի որ այդքան սպառում հնարավոր չէ ապահովվել։
Դրա հետևանքով լինելու է միրգ-բանջարեղենի գների կտրուկ նվազում, տուժվելու են տնտեսվարողները, նաև տեղական խնձոր կամ բանջարեղեն ունեցողները:
Բացի այդ, իրանական ապրանքի մաքսազերծումն իրականացվում է Հայաստանում։ Այն չարտահանվելու դեպքում բյուջեն կորցրած եկամուտ է ունենալու։
Ստեղծված իրավիճակում գործարարը նաև խնդրի հնարավոր ու անհրաժեշտ լուծումն է մատնանշում. «Կարելի է երեք-չորս օր պատուհան տալ, կուտակվածը մաքրելու համար: Էլ չենք պատվիրի, բայց գոնե կուտակվածը մաքրվի»։
Էկոնոմիկայի նախարարությունից Panorama.am-ին հայտնեցին՝ խնդրի մասին տեղյակ են։ Ձեռնարկվող միջոցառումների մասին հարցին ի պատասխան ասացին՝ ավելի ուշ կպատասխանեն։
Նկատենք, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր պաշտոնական այցով Վրաստան է մեկնել։ Լավ կլինի, որ վրացի գործընկերների հետ հանդիպմանն այս հարցն էլ բարձրաձայնվի ու լուծում ստանա։
Ի դեպ, գործարարին հասած տեղեկությունների համաձայն, վրացական կողմը մտադիր է ընդհանրապես արգելել Հայաստան եկող կամ Հայաստանից գնացող ցանկացած բեռնատարերի մուտքն ու ելքը։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
«Հավերժի ճամփորդներ». Զոհված տղաների պատմություններն ու երազանքները՝ առցանց ցուցադրությամբ