Զախարովան փորձագետներին հուշում է՝ Չավուշօղլու-համանախագահներ հանդիպման վերաբերյալ դիմել ՀՀ ԱԳՆ
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների, ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկի ու Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուի հանդիպման մասին հայ հասարակությունը տեղեկացավ թուրքական, ադրբեջանական ԶԼՄ-ներից։ Տեղյա՞կ է եղել արդյոք Հայաստանի ԱԳ նախարարությունը հանդիպման, դրա օրակարգի ու նպատակների մասին, դեռ պարզ չէ։
«Ադեկվադ» միաբանության հիմնադիր Արթուր Դանիելյանի գրառման ներքո քննարկման հրավիրված ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայ փորձագետներին ու օգտատերերին հորդորեց՝ հարցը տալ ՀՀ ԱԳՆ խոսնակ Աննա Նաղդալյանին։
«Ոչ Մինսկի խումբը, ոչ էլ Ռուսաստանը չեն մեկնաբանում այդ հանդիպումը, քանի որ նրանք նման շփումներ պարբերաբար ունենում են տարբեր երկրների հետ»,- նույն գրառման ներքո նշել է Զախարովան՝ հիշեցնելով, որ հանդիպմանը մասնակցել է նաև Մինսկի խմբի ռուսաստանցի համանախագահը։
Ոչ թե հանդիպման, այլ դրա ընթացքում Թուրքիայի ԱԳ նախարարի հնչեցրած հայտարարությունը մեկնաբանել է Հայաստանի ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը. «Թուրքիայի ԱԳ նախարար Մեվլութ Չավուշօղլուի՝ ԼՂ հակամարտության վերաբերյալ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին տրվող խորհուրդը մտաբերել է տալիս Ղուկաս 4:23-ը. «Բժիշկ՝ բժշկեա՛ զանձն քո»»:
Իսկ Չավուշօղլուն հայտարարել էր, որ ԼՂ խնդիրը պետք է կարգավորվի Ադրբեջանի տարածքային ամբողջականության, միջազգային սահմանների ճանաչման ու ինքնիշխանության հիման վրա։
Չավուշօղլուն կբժկվի, թե չէ, դժվար է ասել, կարևորն այն է, որ ՀՀ ԱԳՆ-ն մեկնաբանի ԼՂ խնդրի կարգավորմամբ զբաղվող դիվանագետների հանդիպումը Հայաստանի ոչ բարեկամ երկրի ԱԳ նախարարի հետ։
Լրահոս
Տեսանյութեր
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամները քայլերթով գալու են Երևան. Բագրատ Սրբազան