Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել Իլյա Երկրորդի հետ
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել Համայն Վրաստանի Կաթողիկոս-Պատրիարք Իլյա Երկրորդի հետ:
Վարչապատեի աշխատակազմից տեղեկացնում են՝ Վրաստանի հոգևոր առաջնորդը ողջունել է վարչապետ Փաշինյանի պաշտոնական այցը և վստահություն հայտնել, որ այն կնպաստի հայ-վրացական կապերի հետագա զարգացմանը:
«Մենք ապրում ենք դժվար ժամանակներում, բայց այդ դժվարությունները մենք պետք է հաղթահարենք միասին: Հույս ունեմ, որ մեր եկեղեցիների հարաբերությունները կշարունակեն լինել եղբայրական և կնպաստեն երկու ժողովուրդների փոխգործակցության հետագա զարգացմանը»,- ասել է Իլյա Երկրորդը:
Վարչապետ Փաշինյանը շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար և նկատել, որ առաջին անգամ Իլյա Երկրորդի հետ հանդիպում ունեցել է 2018 թվականի հունիսին, որից պահպանել է ջերմ հիշողություններ:
«Այս ընթացքում մեր հարաբերություններում արձանագրվել է դրական շատ բան, մեզ հաջողվել է այնպես անել, որպեսզի երկու երկրների հարաբերությունները շարունակեն զարգանալ»,- ասել է վարչապետը: Կառավարության ղեկավարն ընդգծել է, որ երկու ժողովուրդների` քրիստոնեական արժեհամակարգին հավատարմությունը ևս մեծ դեր է խաղում քաղաքական հարաբերություններում:
«Ձեր ավանդը մեծ է այդ գործում և ինչի համար ցանկանում եմ շնորհակալություն հայտնել»,- ասել է Նիկոլ Փաշինյանը:
Վարչապետը հավելել է, որ երկու երկրների կառավարությունների խնդիրն է սերտ համագործակցությամբ իրական փոփոխությունների հասնել և էլ ավելի ամրապնդել փոխգործակցությունը տարբեր ոլորտներում:
«Պատրաստ ենք ջանքեր գործադրել, որպեսզի հասնենք ոչ միայն կարճաժամկետ, այլ նաև երկարաժամկետ հաջողությունների»,- նշել է ՀՀ կառավարության ղեկավարը:
Մինչ Համայն Վրաստանի Կաթողիկոս-Պատրիարքի հետ հանդիպումը վարչապետ Նիկոլ Փաշինյանը ծաղկեպսակ է դրել Թբիլիսիի «Հերոսների» հրապարակի հուշակոթողին և հարգանքի տուրք մատուցել:
Հարակից հրապարակումներ`
- Թբիլիսիում տեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի և Սալոմե Զուրաբիշվիլիի հանդիպումը
- Հայաստանցի գործարարները Վրաստանի պատճառով չեն կարողանում իրանական բանջարեղենն ու միրգը Ռուսաստան հասցնել
- Փաշինյանը պաշտոնական այցով ժամանել է Վրաստան
Լրահոս
Տեսանյութեր
Փաշինյանն ընդամենը մի տհաճ խոչընդոտ է հայրենիք ունենալու ճանապարհին. Զոհված զինծառայողի մայր