Հյուսիսային Կորեայում կորոնավիրուսի պաշտոնական հաստատված դեպք չկա
ԿԺԴՀ-ն ամբողջությամբ փակել է օդային սահմանները և տարածքային ջրերը և խստացրել է սահմանային հսկողությունը` նոր կորոնավիրուսի մուտքը լիովին կանխելու համար: Հյուսիսային Կորեայի կառավարական «Minju Joson» թերթի հրապարակումը փոխանցել է «Ինտերֆաքս»-ը:
«Մենք ձեռնարկում ենք հակազդող միջոցառումներ՝ սահմանների և ափամերձ գծի նկատմամբ վերահսկողությունը ուժեղացնելու համար»,- ասվում է հրապարակման մեջ:
Ըստ պարերականի, երկիրն ունի սահմանված խիստ կանոններ՝ ջրով կամ օդով երկիր մուտք գործող ցանկացած իրի ախտահանման կամ այրման վերաբերյալ:
ԿԺԴՀ քաղաքացիներին կոչ են անում չկորցնել իրենց զգոնությունը՝ ասելով, որ հակավիրուսային արշավի հիմնական թշնամին չափից դուրս ինքնավստահությունն ու ինքնահավանությունն է:
Ավելի վաղ Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընը հայտարարել էր, որ երկիրը հասցրել է կանխել COVID-19- ի տարածումը`շնորհիվ կուսակցության Կենտրոնական կոմիտեի ղեկավարության հեռատեսության և քաղաքացիների բարձր գիտակցության: Նա պահանջել է շարունակել ուժեղացնել հակահամաճարակային աշխատանքը, որպեսզի լիարժեք ապահովվի պետության անվտանգությունը և ժողովրդի բարեկեցությունը: Պաշտոնապես երկրում կորոնավիրուսային վարակի ոչ մի դեպք չի հայտնաբերվել: