Մեկնարկում է աշնանացան ցորենի արտադրության խթանման ծրագիրը
Էկոնոմիկայի նախարարությունը գյուղատնտեսների համար մշակել է աշնանացան ցորենի արտադրության խթանման պետական աջակցության ծրագիրը, որով առաջարկվում է աշնանացան ցորենի էլիտա և/կամ 1-ին վերարտադրության հավաստագրված սերմերի գնի մասնակի սուբսիդավորում կամ փոխհատուցում, որի արդյունքում սերմերը ձեռք կբերվեն շուկայականից առավել ցածր գներով։
Նախարարությունից մանրամասնում են, որ ծրագրից կարող են օգտվել միայն Շիրակի, Սյունիքի, Գեղարքունիքի, Լոռու, Արագածոտնի, Տավուշի և Կոտայքի մարզերում 2-20 հա մակերեսով ցորենի ցանքատարածություններ մշակող տնտեսվարողները։
Ցանք կատարելու նպատակով ձեռք բերվող սերմերի հանրագումարը չի կարող գերազանցել 7000 կգ-ը և ձեռք բերված սերմերով պետք է պարտադիր ցանք կատարվի մինչև տվյալ տարվա նոյեմբերի 1-ը։ Տրամադրվող սուբսիդիայի կամ փոխհատուցման գումարը 1 կգ սերմի համար կկազմի 70 դրամ։
Էկոնոմիկայի նախարարության կողմից տնտեսվարողներին կտրամադրվի ցորենի մշակության, ցանքաշրջանառության կիրառման վերաբերյալ անվճար խորհրդատվություն։
Ծրագրին մասնակցելու համար սերմերի վաճառք իրականացնողները՝ մատակարարները պետք է մինչև հուլիսի 20-ը դիմեն Էկոնոմիկայի նախարարություն և կնքեն հուշագիր, որի արդյունքում հավաքագրված տեղեկատվությունը մինչև հուլիսի 22-ը կհրապարակվի նախարարության կայքում։
Տնտեսվարողները կարող են սերմ ձեռք բերել միայն նախարարության կայքում հրապարակված մատակարարներից։
Սերմերի վաճառքը կիրականացվի հուլիսի 27-ից մինչև հոկտեմբերի 15-ը։