«Ամենից շատ վախենում եմ նրանցից, ովքեր ոչ մի բանից չեն վախենում՝ բացի աթոռ կորցնելուց»
«Իմ քայլը» խմբակցությունը լքած պատգամավոր Գոռ Գևորգյանը ԱԺ հայտարարությունների ժամին նկատեց, որ պետությունը հայտնվել է ծանրագույն ճգնաժամում, առկա են օրհասական հիմնախնդիրներ՝ հազարավոր զոհեր, ֆիզիկական ծանր վնասվածքներ ստացածներ, խեղված ընտանիքներ և ճակատագրեր, կորցրած հայրենիք, ռազմագերիների վերադարձի խնդիր:
«Կա հանրության հետպատերազմական անկումնային բարոյահոգեբանական վիճակ, տնտեսական ճգնաժամ, ծվեն-ծվեն եղած հասարակություն»,- ընդգծեց պատգամավորը և հավելեց, որ այդ ամենը պահանջում են հրատապ լուծումներ:
Նա գտնում է, որ 44 օրյա պատերազմի պատճառների մասին վաղվա սերունդների կողմից տրվելիք հարցի պատասխանը պետք է ձևավորվի այսօր:
Ըստ պատգամավորի՝ համաշխարհային պատմությունը և դասական քաղաքագիտությունը փաստում է՝ իշխանությունը պետք է գիտակցի, որ ճգնաժամի հանգուցալուծման առաջնահերթությունն իրենն է, դրա կենտրոնում ժողովրդի կամքն է և, հետևաբար՝ Սահմանադրությունն է:
«Իշխանությունը չպետք է երկնչի իր համար փոխզիջումային ցավոտ լուծումներից»,- շեշտեց Գևորգյանը և հավելեց, որ հանրության շրջանում պետք է իսպառ բացառել, բռնության, կամ բռնության սպառնալիքի որևէ դրսևորում:
Վերջում էլ պատգամավորը մեջբերեց մի հատված Վազգեն Սարգսյանի «Հայի վերջին խելքը» պատմվածքից. «Ցավի առուծախից եմ վախենում, սրտացավության պակասից եմ վախենում, որակազրկումից եմ վախենում, կեղծ դիպլոմներից, սուտ կոչումներից, ծակ փիլիսոփայությունից, գաղափարագարությունից ու բոշայությունից եմ վախենում, որբացությունից եմ վախենում, ծախված դիրքերից եմ վախենում, վախենում եմ մեր խելքի չգալուց, ամենից շատ վախենում եմ նրանցից, ովքեր ոչ մի բանից չեն վախենում՝ բացի աթոռ կորցնելուց»:
Հարակից հրապարակումներ`
- Ի վերջո, ո՞վ է բարձրագույն պաշտոնյային թյուրիմացության մեջ գցել. Միքայել Մելքումյան
- Չպետք է հիմարանալ՝ չնկատելու տալ հայ-ռուսական ռազմավարական փոխադարձ գործընկերության մեծ նշանակությունը. Կոստանյան
- Մարդկանց, այլևս նիսիայով հաց չտալու սպառնալիքով բերել էին Նիկոլի հանրահավաքին. Զոհրաբյան
Լրահոս
Տեսանյութեր
«Հավերժի ճամփորդներ». Զոհված տղաների պատմություններն ու երազանքները՝ առցանց ցուցադրությամբ