«Փաստ». Իշխանությունը բոյկոտ է հրահրել Երևանի քաղաքապետի դեմ. Այդ պաշտոնում իշխանական շրջանակները տեսնում են Տիգրան Ավինյանին
«Փաստ» թերթը գրում է. «Երեկ առավոտյան մինի-կոլապս էր Երևանի կանգառներում: Բանն այն է, որ հանրային տրանսպորտի մի շարք երթուղիներ չէին աշխատում. վարորդները գործադուլ էին անում: Ինչպես պարզվեց, նրանք, մասնավորաբար, պահանջում էին աշխատավարձի բարձրացում, ինչպես նաև, ըստ քաղաքապետարանի պարզաբանման, «որոշ վարորդներ պահանջում են նաև վերադառնալ վճարման նախկին «պլանային» համակարգին, երբ վարորդը ստանում էր նվազագույն աշխատավարձ և ուղեվարձերից «սև» եկամուտ»։
Ի դեպ, քաղաքապետարանի տարածած հայտարարությունից պարզ է դառնում, որ ներկայումս քաղաքապետարանը հանրային տրանսպորտի վարորդներին վճարում է մաքուր (հարկերը հանած) շուրջ 260 000 դրամ աշխատավարձ... 15 օրվա աշխատանքի համար։ Արտաքուստ սովորական աշխատանքային հարաբերություններ են, սովորական դժգոհություններ, առավել ևս, որ վարորդների բարձրացրած հարցերը կարճ ժամանակում կարգավորվել են:
Սակայն, «Փաստ» թերթի տեղեկություններով, այս «բոյկոտը», մեղմ ասած, այնքան էլ ինքնաբուխ չէ, ավելին, հրահրված է հենց իշխանական շրջանակների կողմից: Նպատակը շատ հստակ է՝ հնարավորինս վարկաբեկել Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանին, որին նաև իշխանության ներսում են շատերը համարում «համարյա միակ աշխատող պաշտոնյան», ինչն էլ նյարդայնացնում է բոլոր ոլորտներում ձախողվող իշխանությանը: Մեր աղբյուրը փոխանցում է, որ Փաշինյանը հրահանգել է մաքսիմալ հիմքեր ստեղծել Մարությանից արագորեն ձերբազատվելու և, քանի որ ավագանու ցուցակում փոքրիշատե, նույնիսկ այս իշխանության զրոյական չափանիշներով համապատասխան փոխարինող չկա, 2022 թվականին Երևանի ավագանու արտահերթ ընտրություն անցկացնելու համար:
Ընդ որում, եթե ամեն ինչ իրենց ուզածով գնաց, ՔՊ-ն ցանկանում է որպես քաղաքապետի թեկնածու առաջադրել Տիգրան Ավինյանին, որը վերստին ջերմացրել է իր հարաբերությունները Փաշինյանի հետ: Ի դեպ, շատ հետաքրքիր «զուգադիպությամբ», վերջին 2-3 օրերին, վարորդների «բոյկոտին» զուգահեռ, սոցցանցերում և իշխանական ԶԼՄ-ներում նոր, բավականին մեծ թափով արշավ սկսվեց քաղաքապետարանի ու անձամբ Մարությանի դեմ»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում։
Լրահոս
Տեսանյութեր
«Ձեր սիրելի Ալիևը «Նոլդու Փաշինյան» երգը միացրած Արցախով պտտվում է». Բագրատ Սրբազանը՝ իշխանությանը