Դարչինի օգտակար հատկանիշները
Փենսիլվանիայի համալսարանի վերջին ուսումնասիրությունները պարզել են, որ դարչինի ու քրքումի հաճախակի կիրառումը նվազեցնում է յուղոտ սննդի թողած բացասական հետևանքները:
BBCgoodfood.com-ը գրում է. «Ճարպոտ սնունդ ուտելուց հետո տրիգլիցերիդ կոչվող ճարպերի մակարդակն արյան մեջ բարձրանում է, ինչի մեծ քանակը կարող է վնասել սրտանոթային համակարգը: Երկօրյա ուսումնասիրությունները՝ 30 կամավորի մասնակցությամբ, ցույց են տվել, որ ճարպոտ սննդում երկու ճաշի գդալ նշված համեմունքների ավելացումը արյան մեջ նվազեցնում է տրիգլիցերիդի մակարդակը 30 տոկոսով և 13 տոկոսով բարձրացնում է հակաօքսիդանտների քանակը»:
Հետազոտությունները ցույց են տվել նաև, որ դարչինի բույրը կարճաժամկետ ակտիվացնում է ուղեղի աշխատանքը, իսկ այն սննդի մեջ կիրառելը նպաստում է ուղեղի ավելի արդյունավետ աշխատանքին: Ուսումնասիրություններից մեկում ուսանողների երեք խմբի հանձնարարել են նմանատիպ համակարգչային առաջադրանքներ, ընդ որում՝ մի խումբը ծամել է մաստակ, մյուս խումբը՝ ոչինչ, իսկ երրորդը՝ դարչինի, հասմիկի կամ անանուխի համով մաստակ: Դարչինի համով մաստակ ծամած կամավորների մոտ գրանցվել են ամենաբարձր կոգնիտիվ ցուցանիշները:
Արյան մեջ շաքարի բարձր մակարդակը հանգեցնում է նրան, որ շաքարը միանում է պրոտեինի հետ ու կազմում AGE կոչվող նյութեր, որոնք, ըստ Ջորջիայի համալսարանի ուսումնասիրությունների, նպաստում են հյուսվածքների վաղաժամ քայքայմանն ու ծերացմանը, ինչն անմիջական առնչություն ունի շաքարախտի հետ: Դարչինի մեջ առկա հակաօքսիդանտները կանխում են AGE-ների ձևավորումը, ինչը հեռահար պատկերում նվազեցնում է սրտի արատի հավանականությունը և արյունատար անոթների կարծրացումը: